15 11 2018

ԿԸՀ-ն բաշխել է հանձնաժողովներում նախագահների ու քարտուղարների պաշտոնները

ԿԸՀ-ն բաշխել է հանձնաժողովներում նախագահների ու քարտուղարների պաշտոնները

Այսօր գումարած արտահերթ նիստում Կենտրոնական ընտրական հանձնաժողովն էլեկտրոնային վիճակահանությամբ բաշխել է 2018 թվականի դեկտեմբերի 9-ի Ազգային ժողովի արտահերթ ընտրությունների տեղամասային ընտրական հանձնաժողովների նախագահների և քարտուղարների պաշտոնները Ազգային ժողովում խմբակցություն ունեցող կուսակցությունների, կուսակցությունների դաշինքների միջև: Այս մասին հայտնում են ԿԸՀ մամուլի ծառայությունից:

Արտահերթ ընտրությունների համար ձևավորված թվով 2010 տեղամասային ընտրական հանձնաժողովների նախագահների և քարտուղարների պաշտոնները բաշխվել են հետևյալ համամասնությամբ՝

Հայաստանի Հանրապետական կուսակցություն ` 1110-ական, 

«Ծառուկյան» կուսակցությունների դաշինք ` 594-ական, 

«Ելք» կուսակցությունների դաշինք ` 172-ական, 

Հայ Յեղափոխական Դաշնակցություն ՝ 134-ական: 

Տեղամասային ընտրական հանձնաժողովներում անդամներ նշանակելու մասին հայտերը Կենտրոնական ընտրական հանձնաժողով կարող են ներկայացվել նոյեմբերիի 19-ից 21-ը` մինչև ժամը 18.00-ն:

Նիստի ընթացքում Կենտրոնական ընտրական հանձնաժողովը կայացրել է որոշում՝ «ՅՈՒՔՈՄ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությանը թույլատրել Ազգային ժողովի արտահերթ ընտրությունների ժամանակ իրականացնելու թվով 1500 ընտրական տեղամասերից քվեարկության ընթացքի և քվեարկության արդյունքների ամփոփման գործընթացի տեսանկարահանում և միաժամանակյա համացանցային հեռարձակում ուղիղ ժամանակային ռեժիմում՝ հատուկ ստեղծված կայքի (կայքերի) միջոցով։

Մուկուչյանը նշեց, որ մնացած ընտրատեղամասերում հեռարձակում չապահովելու խնդիրը զուտ տեխնիկական է: «Նախ անհրաժեշտ է որոշակի տեխնիկական պահանջների բավարարում, որպեսզի հնարավոր լինի իրականացնել տեղամասերից ուղիղ ժամանակային ռեժիմում հեռարձակումը, բայց պետք է նկատի ունենալ մի շատ կարևոր հանգամանք, որ, ըստ էության, այդ 1500 տեղամասն ընդգրկում է ընտրողների ընդհանուր թվի 90 և ավելի տոկոսը: Այն տեղամասերում, որտեղ մենք չենք ունենա տեղադրված տեսախցիկներ, շատ փոքր է ընտրողների թիվը, դրանք գյուղական բնակավայրեր են, որտեղ, պայմանավորված տեխնիկական պայմաններով, ես նկատի ունեմ ինտերնետ հասանելիությունը, անհնար է այդ գործընթացի կազմակերպումը»,- ասաց Մուկուչյանը:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ