Նիկոլ Փաշինյանի նոյեմբերի 12-ի որոշմամբ հաստավել է Երեւանի պետական բժշկական համալսարանի հոգաբարձուների խորհրդի նոր կազմը, որում ներառված չէ իմ անունը: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր, ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը:
Նա, մասնավորապես, նշել է.
«Ժամանակին քննադատելով մեզ, որ քաղաքականացնում ենք բուհերը, ներգրավում ենք պետական պաշտոնյաներ, կուսակցականացված մարդկանց՝ այսօրվա իշխանությունները հաջողությամբ շարունակում են անել նույնը՝ մոռանալով իրենց երբեմնի տված խոստումները: Բավական է հայացք նետել նոր կազմին եւ նկատել, որ ՀՀ Կառավարության կողմից ներառված մարդկանց զգալի մասը կարկառուն ՔՊ-ականներ են:
Բայց գրառումս այդ մասին չէ:
Որպես ԵՊԲՀ կառավարման խորհրդի երկարամյա նախագահ ցանկանում եմ խորին շնորհակալություն հայտնել բոլոր այն մարդկանց, ում հետ այս տարիների ընթացքում աշխատել եմ՝ կառավարման խորհրդի բոլոր անդամներին, բուհի նախկին եւ ներկա ռեկտորներին, իմ սիրելի դասախոսներին եւ ուսանողներին, բազմահազար շրջանավարտներին, ԿԳՆ աշխատակազմին, լրատվամիջոցներին:
Հաջողություն եմ մաղթում բուհի կառավարման նոր խորհրդին:
Մեծագույն պատիվ էր լինել իմ Alma mater-ի խորհրդի նախագահ, բուհի, որտեղ ստացել եմ կյանքի ուղեգիր, ստացել կրթություն եւ դաստիարակություն, որտեղ ձեռք եմ բերել բազմաթիվ հարազատ մարդկանց եւ ընկերներ:
Բժշկականը հասարակ բուհ չէ:
Բժշկականը աշխարհայացք է:
Որտեղ էլ լինեմ, ինչով էլ զբաղվեմ ապագայում, մշտապես շարունակելու եմ սրտացավ եւ ուշադիր լինել իմ հարազատ բուհի հանդեպ, փորձելով օգտակար լինել Հայաստանում եւ արտերկրում լավագույն համբավն ունեցող կրթօջախին»։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը