«Նիկոլ Փաշինյանին ես մեղադրել և շարունակում եմ շատ խստորեն մեղադրել մարտի 1-ի քննությունը տապալելու և իր քաղաքական նպատակների համար օգտագործելու մեջ»,- armdaily.am-ի հետ հարցազրույցում ասել է ՀՀ ԱԱԾ նախկին ղեկավար Դավիթ Շահնազարյանը։
Շահնազարյանի խոսքով, Մարտի 1-ի քննությունն այժմ իրականացնում է Նիկոլ Փաշինյանն ինքը, ՀՔԾ-ն ֆորմալ մարմին է․ «ՀՔԾ-ի պետը բացարձակապես ոչ համարժեք է գործում, և ՀՔԾ-ն վաղուց վերածվել է՝ կոմունիստական կուսակցությունում գործող պրոպագանդայի և ագիտացիայի բաժնի։ ՀՔԾ-ն դրա համար լուրջ պատասխան է տալու, որովհետև ամբողջովին տապալել է գործը»:
ԱԱԾ նախկին ղեկավարը չի բացառում, որ նոր իշխանությունը ձերբակալություններ կանի, առանց որևէ հիմքի մարդկանց մեղավոր կհայտարարի․ «Ես չեմ բացառում, նույնիսկ հավանական եմ համարում, որ փորձեր արվեն ձերբակալելու Յուրի Խաչատուրովին, որ վերադարձել է Հայաստան, կամ փորձեր արվեն Ռուսաստանից հետ բերելու պաշտպանության նախկին նախարարին, Ռոբերտ Քոչարյանի հարցով փորձեն նորից քայլեր անել, չեմ բացառում։ Դա նախընտրական քարոզարշավի գործիք է, ոչ թե իրավական գործընթաց»։
Անդրադառնալով վարչապետ Փաշինյանի հայտարարությանը, թե մարտի 1-ը գրեթե բացահայտված է, Շահնազարյանը հարց է ուղղում․ «Էդ դեպքում ո՞ւր են սպանությունները, դրվագները, ովքե՞ր են մեքենաներ հրկիզել, խանութներ թալանել։ Դե բացահայտված է՝ տվեք: Ոչ, շարունակվում է միայն քաղաքական ուղղությունը:
Ասենք մի բան արեցին, հետո գալու է նոր իշխանություն, էսօրվա քննիչներին տանի բանտ, նոր քննիրներ բերի։ Միայն միջազգային հանրության քննիչների մասնակցությամբ է հանրության մեջ վստահություն բերել, որ գործը բացահայտված է, պատասխանատուները պատասխանատվություն կրել են անուն առ անուն:
Ամեն մեկը պետք է ենթարկվի պատասխանատվության՝ իր արած մեղքի չափով: Բայց այսօր եթե նախկին իշխանություններին մեղադրում էինք, որ քաղաքական դրադապատճառներով քննությունը չեն տանում, հիմա նույն բանն է գնում և ընդ որում, ավելի մեծ ուժգնությամբ և ավելի ակնհայտ։ Այս առումով գործող վարչապետը գերազանցել է նախկին իշխանությանը մարտի 1-ը քաղաքական նպատաներով օգտագործելու համար»։
Եթե մենք նախկին իշխանությանը մեղադրում էինք, որ իրենք քաղաքական նպատակներով կոծկում են, սրանք այլ բան են անում՝ որպես գործիք են օգտագործում։
Փաշինյանն ասում էր՝ գրեթե ամեն ինչ բացահայտված է. «Գրեթե»-ն քեզ պահի, բայց մնացածը ո՞ւր են»։
Դավիթ Շահնազարյանը նաև պատմել է, թե ինչ էր կատարվում մարտի 1-ին Ֆրանսիայի դեսպանատան մոտ։
«Առավոտյան դեպքերը, որ Ազատության հրապարակում եղան, ես այնտեղ չեմ եղել։ Հետո ես ուղղակի տեղեկություն ստացա, որ ֆրանսիական դեսպանության դիամց ժողովուրդը հավաքված է, և անմիջապես գնացի այնտեղ։ Ի միջի այլոց, ասեմ, որ ոչ նախընտրական շրջանում, և այդ օրերին էլ, ես ընդդիմադիր թեկնածուի նախընտրական որևէ շտաբում ընդգրկված չեմ եղել։ Երբ Ես մոտեցա, ժողովուրդը բղավեց Դավիթ, Դավիթ։ Ես մոտեցա, տեսարանը հետևյալն էր. արդեն տեսա, որ բախում էր եղել, որովհետև կային վիրավորված ցուցարարներ, ոստիկաններ տեսա, որոնք արդեն կորցրել էին վահանները, մահակները, բայց այդ պահին բախում չկար։ Այդտեղ ինձ մոտեցան ոստիկանության երկու գեներալներ, որոնց ճանաչում էի։ Փոխնախարար Սաշիկ Աֆյանն էր և 6-րդ վարչության պետ Աշոտ Գզիրյանը, որը մեր Շարժման 88-ի տղաներից է եղել, այնուհետև պատերազմի մասնակից։ Տեր-Պետրոսյանի շտաբից ոչ մեկը չկար, բացարձակապես։ Ժողովուրդը մոտեցավ ինձ, ասացին գնացեք Մատենադարանի մոտ, հանրահավաք արեք։ Լավ հիշում եմ։ Երկու շղթա կար ոստիկանության։ Աֆյանին և Գզիրյանին ասացի առաջին շղթան անմիջաես վերացրեք, որովհետև բախում ամեն վայրկյան կարող է լինել։ Դա հանեցին։ Ասի՝ երկրորդը հանեք։ Իրավիճակը հետևյալն էր․ ժողովուրդը հավաքված, շատ բորբոքված, բարձրախոսներ չկային։ Ես գիտեի, որ տեխնիկան ամբողջովին ոչնչացված է Ազատության հրապարակում, և էդտեղ կա շատ պարզ տրամաբանություն՝ ունենալով հսկայական հանրահավաքային փորձ՝ 88-ից եկած, եթե կա հավաքված ժողովուրդ և բարձրախոս չկա, միակ բանը երթ անելն է, այլ կերպ դա քայքայվելու է։ Այդտեղ այդ պահին կար նաև Ղարաբաղ կոմիտեի իմ ընկերներից մեկը, անունը չեմ տա, իր հետ շատ կարճ խորհրդակցեցինք, ասաց ուրիշ ելք չկա, և ասեցի՝ ուրեմն մենք հիմա երթ կանենք, Մատենադարանում միտինգ անելն անիմաստ է։ Բարձրախոսով էլ հայտարարեցի, որ հիմա կշարժվենք։ Բայց դրանից հետո շտաբի անդամները մոտեցան, ասացին՝ ոչ ձեր որոշումն այլ է, մեր որոշումն այլ է, մենք ուրիշ որոշում ունենք։ Էդտեղ Աֆյանին ու Գզիրյանին ասացի՝ շարունակեք արդեն խոսել շտաբի ներկայացուցիչների հետ։
Դրանից հետո իմ մտերիմների հետ ամբողջ օրը եղել ենք այնտեղ՝ մոտ 20 հոգի։ Հիշում եմ՝ արդեն երեկոյան կողմ, երբ սկսեցին մեծ ալկոհոլով մարդիկ անցնել էդտեղ, շղթա կազմել տվեցինք, և երևի մի երկու-երեք հարյուր բարձրակարգ կոնյակի շիշ ենք այդտեղ ջարդել։
Սա է, ինչ-որ եղել է, այն, ինչին ես մասնակցել եմ, ականատես եմ եղել։ Առաջին անգամ է ինձ այդ հարցը հնչում և որոշեցի ասեմ»։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը