12 11 2018

Նիկոլ Փաշինյանը պետք է կառավարությունում հասկանա իրավիճակը. Լուկաշենկո



Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հաջորդ շաբաթ կայցելի Բելառուս։ Այս հարցի շուրջ խոսել են Բելառուսում Ադրբեջանի արտակարգ և լիազոր դեսպան Լատիֆ Գանդիլովը և Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն, հայտնում է «ԲԵԼՏԱ»–ն։

Տարվա սկզբից բելառուսա–ադրբեջանական ապրանքաշրջանառությունը ավելացել է ավելի քան 3 անգամ նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ. «Սա շատ լավ աճ է, հազիվ թե սրա նմանը կա մեկ այլ պետության հետ»,–նկատել է Լուկաշենկոն: Նա կանգ է առել հումանիտար ոլորտում բելառուսա–ադրբեջանական համագործակցության վրա՝ հատկապես կրթական շփումների գծով։ Մասնավորապես, շուրջ 500 ադրբեջանցիներ սովորում են Բելառուսում։

«Ադրբեջանի համար մեր դռները բաց են»,– նշել է Լուկաշենկոն ։ Դուք պետք է իմանաք, որ մենք ձեր ընկերներն ենք և միշտ պատրաստ ենք ընդառաջ գնալ: Իլհամ Ալիևի հետ մեր պայմանավորվածությունները սուրբ են, մենք պայմանավորվել ենք ու կկատարենք դրանք: Բելառուսը Ադրբեջանի հետ փակ թեմաներ չունի»,–հայտարարել է Բելառուսի նախագահը։

Լուկաշենկոն հանդիպման ժամանակ պատմել է ՀԱՊԿ գագաթնաժողովի շրջանակում տեղի ունեցած քննարկումների մասին, ընդգծելով, որ ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի նշանակման հարցը հանդիպման գլխավոր թեման չի եղել:

«Այո, մենք քննարկել ենք այդ հարցը, բայց երևի 15 րոպե ենք հատկացրել դրան: Իհարկե, ՀԱՊԿ նոր ղեկավարի նշանակման հարցում տարբերակները շատ էին: Դա չի նշանակում, որ մենք ոտնահարել ենք Հայաստանին, որ ինչ-որ մեկը հաղթել է, իսկ մյուսը՝ պարտվել: Հարցն այն է, որ Նիկոլ Փաշինյանը պետք է պարզապես կառավարությունում հասկանա իրավիճակը, քանի որ այդ երկիրը գլխավորում է Եվրասիական տնտեսական միությունը՝ մեր տնտեսական միությունն ու ՀԱՊԿ-ը: Դա շատ մեծ բեռ է մի երկրի համար, որը գտնվում է նման անցումային փուլում: Արդյոք կկարողանա՞ Հայաստանը գլուխ հանել: Եթե Նիկոլ Փաշինյանը գլուխ հանի, ապա մեզ պատասխան կտա Սանկտ Պետերբուրգում կայանալիք հանդիպմանը»,-ասել է Լուկաշենկոն:

Նա նշել է, որ Սանկտ Պետերբուրգում հանդիպումը սպասվում է դեկտեմբերի 6-ին:

Բելառուսի ղեկավարը հավելել է, որ ղեկավարներն Աստանայում քննարկման հիմնական ժամանակը տրամադրել են ՀԱՊԿ անդամ պետությունների շուրջ արտաքին քաղաքական իրավիճակի քննարկմանը:

«Իհարկե, դա քննարկելով անդրադարձել ենք նաև ներքաղաքական իրավիճակին, սակայն բացառապես այս կամ այն նախագահի թույլտվությամբ: Օրինակ՝ Նիկոլ Փաշինյանը շոշափել է դեկտեմբերի 9-ին կայանալիք խորհրդարանական ընտրությունների թեման, մենք էլ լսել ենք»,-ասել է Լուկաշենկոն:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ