12 11 2018

Տնտեսական թռիչքի փոխարեն երկիրն առերեսվեց լուրջ մարտահրավերների. ՀՀԿ

Տնտեսական թռիչքի փոխարեն երկիրն առերեսվեց լուրջ մարտահրավերների. ՀՀԿ

Նոյեմբերի 11-ին գումարված ՀՀԿ ԳՄ նիստից հետո հրապարակեց կուսակցության քաղաքական բանաձևը, որը նաև լինելու է նախընտրական ծրագրի հիմքը:

 Բանաձևում մասնավորապես ասվում է.

 «  Փաշինյանի պաշտոնավարումը. սպասումներ և իրականություն

 Վարչապետ Փաշինյանի պաշտոնավարման վեց ամիսների արդյունքների հանրային ընկալումը հստակ կապվում է իշխանափոխության, բայց ոչ կառավարության գործունեության հետ: Անժխտելի է հասարակական սատրաման բարձր աստիճանը և կառավարության գործունեությունից դրական սպասելիքները: Այդուհանդերձ, ակներև են թույլ տրված լրջագույն սխալները.

1. Հռչակված տնտեսական թռիչքի փոխարեն երկիրն առերեսվեց լուրջ մարտահրավերների: Գրանցվեց կտրուկ գնաճ, զգալիորեն կրճատվեցին արտասահմանյան ներդրումները:

2. Աշխատավարձերի և թոշակների որևէ նշանակալի ավելացում նախատեսված չէ նաև 2019թ. պետական բյուջեի նախագծով:

3. Տնտեսավարողների նկատամամբ դրսևորվում է կանխակալ, թշնամական վերաբերմունք: Գործարարներն ապրիորի դիտվում են որպես հանցագործներ: Լրջագույն մարտահրավերների առջև են կանգնեցվել արտասահմանյան ներդրողները, ինչը լրջագույն հարված է երկրի միջազգային վարկանիշին:

4. Բացահայտ անտեսվում են բանկային գաղտնիքի սկզբունքները, ընդ որում այդպիսի մոտեցման արդյունքում ձեռքբերված տվյալները նաև հրապարակվում են:

5. Պետական մարմինների կամայական որոշումների և անգործության հետևանքով Հայաստանում ներդրում կատարած մի շարք ընկերություններ կրում են վնասներ, որոնք ժամանակի ընթացքում, ըստ երևութին, կներկայացվեն որպես պահանջ Հայաստանի Հանրապետությանը:

6. Այս ամենը փորձ է արվում թաքցնել թվերի և տոկոսների անկանոն և մասնակի օգտագործման միջոցով: Դրա վառ դրսևորւմն էր վարչապետի կողմից տնտեսության զարգացման «փաստերի» թվարկումը խորհրդարանում, որը բխեցվում էր վիճակագրական ծառայության հրապարակած տվյալների շահարկման վրա:

7. Անհանգստություն է առաջացնում վարած կադրային քաղաքականությունը: Փորձառու և գիտակ կադրերը հեռացվում են, իսկ նրանց փոխարեն նշանակումներ են կատարվում անձնական նվիրվածության, այլ ոչ թե արհեստավարժության սկզբունքով:

8. Կոռուպցիայի դեմ պայքարի հռչակված արշավը կրում է ցուցադրական բնույթ` դառնալով ընտրովի արդարադատության, քաղաքական հաշվեհարդարների գործիք: Հաջողության կեղծ պատկերն ամրագրելու համար վարչապետը պարբերաբար ամպագորգոռ հայտարարություններ է անում երկրում կոռուպցիան վերացված լինելու, օլիգարխիան արմատախիլ արված լինելու մասին:

9. Արտաքին քաղաքականության իրականացման մեջ արձանագրվեցին կոպտագույն բացթողումներ, որոնցից ամենաակնհայտը ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի շուրջ ստեղծված իրավիճակն է: Անհամեմատ ավելի լուրջ հետևանքների հիմքերն արդեն իսկ դրված են»:

Բանաձևն ամբողջությամբ՝ այստեղ:

 

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ