10 11 2018

Ի՞նչ է անոնսավորում Ադրբեջանը․ «Հրապարակ»

Ի՞նչ է անոնսավորում Ադրբեջանը․ «Հրապարակ»

ՀԱՊԿ Աստանայի գագաթնաժողովի անցկացման օրը ռուսաստանյան «Կոմերսանտը» սենսացիոն տեղեկատվություն հրապարակեց, ըստ որի՝ այդ համաժողովին հյուրի կարգավիճակով պետք է մասնակցեր նաեւ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը: Նման նախաձեռնությամբ, ըստ լրատվամիջոցի լավատեղյակ աղբյուրի, որը ներկայացված էր իբրեւ կազմակերպության անդամ երկրներից մեկի պատվիրակ, հանդես էր եկել Ղազախստանի նախագահ Նազարբաեւը, որին աջակցել էր Բելառուսի նախագահ Լուկաշենկոն:

Ալիեւը պատրաստ էր մեկնել Աստանա, սակայն վերջին պահին հայտնի է դարձել, որ այդ նախաձեռնության դեմ կտրուկ հանդես է եկել Հայաստանի վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը: Որ այդ տեղեկատվությունը մոտ է ճշմարտությանը, վկայում է Ադրբեջանի նախագահի աշխատակազմի արտաքին կապերի բաժնի պետի պաշտոնակատար Հիքմեթե Հաջիեւի՝ Աստանայի գագաթնաժողովի հաջորդ օրը մամուլի համար տարածած հայտարարությունը, համաձայն որի՝ Ադրբեջանն «ուշադիր հետեւել է ՀԱՊԿ գագաթնաժողովին, ուշադրության են արժանացել գագաթնաժողովի արդյունքներով ստորագրված փաստաթղթերը եւ ամփոփիչ հայտարարությունը, այդ փաստաթղթերից մեկը դիտորդ երկրների եւ գործընկեր երկրների կարգավիճակի մասին է», գրում է Hraparak.am-ը։

Թերեւս առաջին անգամն է, որ Ադրբեջանը պաշտոնական հայտարարություն է անում ՀԱՊԿ գագաթնաժողովի վերաբերյալ, ինչը վկայում է կազմակերպության նկատմամբ այդ երկրի բացառիկ հետաքրքրության մասին: Առանձնահատուկ ուշադրության է արժանի հանգամանքը, որ Ադրբեջանի նախագահի աշխատակազմի բարձրաստիճան պաշտոնյան ՀԱՊԿ Աստանայի գագաթնաժողովի փաստաթղթերից առանձնացրել է հատկապես մեկը, այն, որ կանոնակարգում է կազմակերպության դիտորդ եւ գործընկեր անդամի իրավական կարգավիճակը: Այս հանգամանքը կարեւորվում է նրանով, որ գագաթնաժողովի ավարտին Ղազախստանի նախագահ Նազարբաեւը երկրներին կոչ է արել ուսումնասիրել կազմակերպության դիտորդ եւ գործընկեր անդամությանը վերաբերող փաստաթղթերը: Ադրբեջանի նախագահի աշխատակազմն այս իմաստով արձագանքել է Նազարբաեւի հորդորին՝ դիվանագիտական լեզվով նկատել տալով, որ դրանում շահագրգռված է: ՀԱՊԿ դիտորդ կամ գործընկեր անդամի ամենահավանական թեկնածու է համարվում Ադրբեջանը:

Այդ մասին ռուսաստանյան փորձագիտական հանրությունն արտահայտվել է բազմիցս: Մինչեւ վերջին պահը պաշտոնական Բաքուն փորձ էր անում տպավորություն ստեղծել, թե իր համար միեւնույն է՝ ինչ որոշում կընդունի ՀԱՊԿ Աստանայի գագաթնաժողովը, բայց, երեւում է, Ալիեւի նյարդերը տեղի են տվել: Եւ նա աշխատակազմին հրահանգավորել է գրեթե բաց տեքստով հայտարարել, որ Ադրբեջանը մեծ ցանկություն ունի ՀԱՊԿ-ում ստանալու դիտորդի կամ գործընկերոջ կարգավիճակ: 

Նյութն ամբողջությամբ կարդացեք Hraparak.am-ում։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ