Բաղրամյան 26-ը վերադարձվում է ՀՀ նախագահին։ Նման որոշում կառավարությունը կայացրեց նոյեմբերի 8-ի նիստում։
Հանրապետության նախագահի նստավայրը Մաշտոցի 47 հասցեից՝ կառավարության նախկին ընդունելությունների տնից կտեղափոխվի Բաղրամյան 26 հասցե, իսկ վարչապետի նստավայրը՝ Բաղրամյան 26 հասցեից Հանրապետության հրապարակ, Կառավարական տուն 1 հասցե:
ԱԻ նախարար Ֆելիքս Ցոլակյանի հարցին, թե ինչպես է կարգավորվելու արարողակարգը, քանի որ կառավարության շենքը հարմարացված չէ հյուրերի արարողակարգն ապահովելու համար, առաջին փոխվարչապետ Արարատ Միրզոյանը պատասխանեց․ կարող է դա կազմակերպվել օդանավակայանում:
Առաջարկվում է նաև օրենսդրական փոփոխություն, որի համաձայն՝ քաղաքացիություն շնորհելու և քաղաքացիությունը դադարեցնելու վերաբերյալ դիմումները մարդիկ կարող են ներկայացվել նաև ՀՀ նախագահին: Պետական և պատվավոր կոչումները կարող են շնորհվել նաև ՀՀ նախագահի նախաձեռնությամբ:
Ներման խնդրագրեր մարդիկ կարող են ներկայացնել նաև անմիջապես ՀՀ նախագահին:
Սա արվում է նախագահի լիազորությունների ընդլայնման շրջանակներում։ Նախագահի աշխատակազմի ղեկավար էմիլ Տարասյանը նշեց, որ իրենք առաջարկություններ են ներկայացրել, որոնց մի մասը չէր ընդունվել:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը