06 11 2018

Տոկոս ստանալու համար դոշ չեմ ծեծելու. ԲՀԿ նախագահ

Տոկոս ստանալու համար դոշ չեմ ծեծելու. ԲՀԿ նախագահ

Առաջիկա խորհրդարանական ընտրություններում ԲՀԿ նախընտրական ցուցակը գլխավորելու է Գագիկ Ծառուկյանը։ Այս մասին նոյեմբերի 6-ին լրագրողների հետ զրույցում հաստատեց ԲՀԿ նախագահը։ Հարցին` ցուցակում գործարարներ լինելո՞ւ են, նա պատասխանեց, թե լինելու են սեփականատերեր։ 

Դիտարկմանը, որ եթե Դուք եք ցուցակը գլխավորում, ուրեմն բիզնեսը բերում եք խորհրդարան, Ծառուկյանն այսպես արձագանքեց. «Եթե տիրապետեք քաղաքականությանը, հասկանաք, կիմանաք, որ ԱՄՆ-ի պես երկրում սեփականատերը` Թրամփն է երկիրը կառավարում։ Թրամփի օրոք գործազրկությունը ամենացածր տոկոսի վրա է»։ 

Հարցին, թե ովքե՞ր են լինելու հաջորդ համարները, նա ասաց. «Երբ որ ցուցակը կկազմեմ, արդեն բան չի մնացել, դուք տեղյակ կլինեք»: Վերջինս հավաստիացրեց, որ ինքը «տոկոս ստանալու համար դոշ չի ծեծելու», ներկայացնելու է իր ծրագիրը: «Վստահում եք, ինչքան եք վստահում ինձ, այնդքան էլ կարող եմ անել: Ինչքանով կվստահեք դա է: Ես ոչ դրանով ճանաչում եմ ձեռքբերելու, ոչ էլ ինչ-որ բանի տեր եմ դառնալու: Հարյուր անգամ ասել եմ՝ մարդը կայացած, ճանաչված մարդ է, ուզում է լավ բան անի, հնարավորություններն օգտագործի ի օգուտ իր երկրի: Միայն դա է ճանապարհը»,- ասաց նա:

Հարցին՝ հնարավո՞ր է որ ԲՀԿ-ին այլ ուժեր միանան, ներկայանաք դաշինքով, Գագիկ Ծառուկյանը պատասխանեց. «Մենք դեռ քննարկում ենք: Պետք է նայենք՝ դաշինքը մեզ ի՞նչ է տալու: Այսօր բոլորը կուսակցություններ ունեն, սպասելիքները, ամբիցիաները այնքան մեծ են, որ ում հետ խոսում ես՝ 15-20 տոկոս ձայն ունի: Բա եթե ունի, մեր հետ ի՞նչ գործ ունի»: Հարցին՝ լրագրող Պետրոս Ղազարյանը, ով Երևանի ավագանու ընտրություններում ԲՀԿ ցուցակում էր, լինելո՞ւ է խորհրդարանական ցուցակում, հաշվի առնելով լուրերը, որ «Կենտրոն» հեռուստաընկերությունից տեղափոխվում է Հանրային, Ծառուկյանն այսպես պատասխանեց. «Դա լավ է: Առաջ են տանում, դա վա՞տ է: Կքննարկենք, կարող է ինքը ծանրաբեռնված լինի: Մենք ոչ մեկի հետ խնդիր չունենք: Մարդ ինքն է որոշում իր ճակատագիրը»:

Իսկ այն հարցին՝ Նաիրա Զոհրաբյանը լինելո՞ւ է ցուցակում, Ծառուկյանը պատասխանեց. «Ինչու  առանց Նաիրա Զոհրաբյանի ԲՀԿ-ն լինո՞ւմ է»: Գագիկ Ծառուկյանը նաև հերքեց տեղեկությունները, որ իր և Զոհրաբյանի հարաբերությունները լարված են։  Հարցին՝ ընտրություններից հետո հնարավո՞ր է Նիկոլ Փաշինյանի իշխանությանը ընդդիմություն դառնաք, նա պատասխանեց. «Ամեն ինչ կախված է ընտրություններից: Ես շարժման կողմնակիցն եմ, Նիկոլ Փաշինյանի աջակիցն եմ, կողքն եմ լինելու»:

 

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ