ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմը հրապարակել է Իրանի նկատմամբ նոր պատժամիջոցների ամբողջական ցանկը, որոնց թիրախում է հայտնվել 50 բանկ, ազգային ավիափոխադրողը, նավաշինական ոլորտի 200 ներկայացուցիչ, ինչպես նաև՝ որոշ նավեր:
Ինչպես նշում է The Guardian-ը, թեև ամերիկյան կողմը նախքան այս հայտարարում էր, որ «Իրանի նկատմամբ երբևէ սահմանված ամենախիստ պատժամիջոցների արդյունքում իսլամական պետությունից նավթի արտահանման մակարդակը զրոյականի կհասցվի», այնուհանդերձ՝ նոր պատժամիջոցները չեն կարող նման արդյունք ապահովել:
Աղբյուրը հավելում է, որ պատժամիջոցների ցանկում է հայտնվել նաև երկրի ատոմային էներգիայի կազմակերպությունը: Սակայն այս հարցում Վաշինգտոնը երեք խոշոր բացառություն է արել Ռուսաստանի օգնությամբ կառուցված «Բուշեր» ատոմակայանի, Արաքի ծանր ջրի արտադրության ռեակտորի կայանի, ինչպես նաև Ֆորդուում ուրանի հարստացման ստորգետնյա նախկին գործարանի համար:
Բացի այդ, Վաշինգտոնը պատժամիջոցներ է սահմանել բոլոր այն իրանցիների ու կազմակերպությունների նկատմամբ, որոնք 2015թ. Թեհրանի ու «միջնորդ վեցյակի» միջև կնքված պատմական միջուկային համաձայնագրից հետո ազատվել էին նախկինում Արևմուտքի սահմանած պատժամիջոցներից:
Նշվում է, որ պատժամիջոցները վերջ կտան այն բոլոր տնտեսական արտոնություններին, որոնք ԱՄՆ-ն Թեհրանին տվել էր միջուկային համաձայնագրի կնքումից հետո: Պատժամիջոցները մեծ վնաս կպատճառեն երկրի համար կենսական նշականություն ունեցող ու եկամտի հիմնական աղբյուր ծառայող նավթային արդյունաբերությանը:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը