05 11 2018

Զանգվածային ցույցեր Իրանում՝ ընդդեմ ԱՄՆ-ի

Զանգվածային ցույցեր Իրանում՝ ընդդեմ ԱՄՆ-ի

ԱՄՆ նոր պատժամիջոցների ուժի մեջ մտնելուց մեկ օր առաջ հազարավոր իրանցիներ դուրս են եկել քաղաքների փողոցներ՝ «Մահ Ամերիկային» վանկարկումներով մասնակցելու կառավարամետ հանրահավաքներին: Այս մասին գրում է DW.com-ը։

Իրանական պետական լրատվամիջոցները պնդում են, որ ամբողջ երկրում ընթացած ցույցերին միլիոնավոր մարդիկ են մասնակցել:

Ցուցարարները վանկարկում են «մահ Ամերիկային»: Շատերն ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփին ծաղրող պաստառներ են պատրաստել, նաև այրում են Միացյալ Նահանգների պետական դրոշն ու դոլարի թղթադրամները:

Բողոքի ցույցերն Իրանում անցկացվում են 1979-ին իրանական իսլամական հեղափոխության ժամանակ Թեհրանում ԱՄՆ դեսպանատան գրավման օրը: Բողոքի ցույցերը տեղի են ունեցել ԱՄՆ նախկին դեսպանատան շենքի մոտ, որտեղ հիմա տեղակայված է «լրտեսության թանգարանը»: Ցուցարարները բղավում էին ինչպես հակաամերիկյան, այնպես էլ հակաիսրայելական կարգախոսներ:

Նշենք, որ երկուշաբթի՝ նոյեմբերի 5-ին, ուժի մեջ մտնող նոր սահմանափակումները վերաբերելու են նավթային եւ բանկային հատվածներին: Թրամփը պատժամիջոցների սահմանումը համարում է Թեհրանի միջուկային ծրագիրը կասեցնելու փորձ: Ամերիկացի առաջնորդի գործողությունները քննադատում են Իրանի հետ միջուկային գործարքի մյուս մասնակիցները՝ Ռուսաստանը, Ֆրանսիան, Մեծ Բրիտանիան, Գերմանիան եւ Չինաստանը: Ի տարբերություն ԱՄՆ-ի՝ այս երկրները համաձայնագրից դուրս չեն եկել, որը Թրամփը «վատն» է հայտարարել:

Իրանի իշխանություններն ի պատասխան հայտարարել են, որ Իրանը մտադիր է այս հոգեբանական պատերազմում ԱՄՆ-ին հաղթել:

Իրանի դեմ ԱՄՆ նոր պատժամիջոցները ուժի մեջ են մտնում նոյեմբերի 5-ին: Փաստաթղթի տեքստի համաձայն, որն արդեն տեղադրվել է ԱՄՆ Դաշնային ռեգիստրի տվյալների էլեկտրոնային բազայում, ԱՄՆ իրավազորությամբ կարգելափակվեն  Իրանի կառավարության, նրա էներգաընկերությունների՝ Iranian Oil Company-ի (NIOC) եւ Naftiran Intertrade Company-ի, ինչպես նաեւ Իրանի Կենտրոնական բանկի հետ կապված բոլոր անձանց եւ ընկերությունների ակտիվները:

ԱՄՆ պետքարտուղար Մայք Պոմպեոն նշել է, որ երկուշաբթի ուժի մեջ մտնող Իրանի դեմ պատժամիջոցները կներառեն ավելի քան 600 ընկերությունների եւ ֆիզիկական անձանց։

«Ֆինանսների նախարարության դեպարտամենտը պատժամիջոցների ցուցակի մեջ կընդգրկի Իրանում ավելի քան 600 առանձին անձանց եւ ընկերությունների. դրանք պետք է ազդեն իրանական ռեժիմի պահվածքի վրա: Մենք այդ հույսն ունենք: Սա է նախագահ Թրամփի վարած քաղաքականության պատճառը»,- ասել է Պոմպեոն:

Պոմպեոն հավելել է, որ պատժամիջոցներն արդեն Իրանի տնտեսության վրա ահռելի ազդեցություն են ունեցել, քանի որ եվրոպացի գործընկերները սկսել են իրենց բիզնեսը երկրից նախօրոք դուրս բերել: «Իրանից հեռացել են հարյուրավոր ընկերություններ»,- հայտարարել է նա:

 

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ