Քննարկումները շարունակվում են, և քանի դեռ որոշում չկա, ոչինչ չեմ կարող ասել: Հոկտեմբերի 31-ին լրագրողների հետ զրույցում անդրադառնալով ՀԱՊԿ գործող գլխավոր քարտուղար Յուրի Խաչատուրովի փոխարինման գործընթացին ասաց ՀՀ ԱԳ փոխնախարար Ռուբեն Ռուբինյանը:
Հիշեցնենք, որ վերջերս ՀՀ-ն ձեռնարկեց ՀԱՊԿ գործող գլխավոր քարտուղար Յուրի Խաչատուրովի փոխարինման գործընթացը: Մեկնաբանելով գնահատականները, թե վերոնշյալն ազդելու է ՀԱՊԿ-ում ՀՀ դիրքերի թուլացմանը, Ռուբեն Ռուբինյանը վստահեցրեց.
«ՀԱՊԿ-ում ՀՀ դիրքերը շատ ուժեղ են: Դրանք ավելի ուժեղ են, քան երբևէ եղել են»:
Փոխնախարարը հրաժարվեց մեկնաբանել ԱՄՆ նախագահի անվտանգության հարցերով խորհրդական Ջոն Բոլթոնի Հայաստանում արած հայտարարությունները:
«Ես ՀՀ փոխարտգործնախարարն եմ, ոչ թե ԱՄՆ-ի, չեմ ուզում մեկնաբանել պարոն Բոլթոնի հայտարարությունը: Ես կարող եմ ասել, որ Արցախի հարցի ցանկացած լուծում պետք է լինի համաձայնեցված եւ ընդունելի Հայաստանի Հանրապետության եւ Արցախի ժողովուրդների համար։ Իսկ թե որ սկզբունքներն են ընդունելի հայկական կողմի համար, հայտնի է բոլորին»,- ասաց նա։
Փոխարտգործնախարարը նաև նշեց, որ այդ հայտարարություններում որևէ վտանգ չի տեսնում: Ռուբեն Ռուբինյանն անդրադարձավ նաև դեսպանների հետ կանչման հարցին՝ նշելով, որ օդիոզ դեսպանները հետ են կանչվելու:
Հարցին՝ ճի՞շտ են մամուլի տեղեկությունները, թե առաջիկայում հետ է կանչվելու նաեւ Դանիայում եւ Նորվեգիայում ՀՀ դեսպան Ալեքսանդր Արզումանյանը, Ռուբեն Ռուբինյանը պատասխանեց՝ ոչ:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը