30 10 2018

Փոխվարչապետի ՍՊԸ-ն 35 հազար դոլար գրանտ է ստացել. «Հետք»

Փոխվարչապետի ՍՊԸ-ն 35 հազար դոլար գրանտ է ստացել. «Հետք»

Փոխվարչապետ Տիգրան Ավինյանի հիմնադրած «Իրիգեյթ» ՍՊԸ-ն չրի արտադրությունը զարգացնելու համար այս տարի մոտ 35 հազար ԱՄՆ դոլար դրամաշնորհ է ստացել Գյուղատնտեսության զարգացման հիմնադրամից, հաղորդում է «Հետք»-ը։

Նախորդ շաբաթ «Հետք»-ը գրավոր հարցում էր ուղարկել հիմնադրամ, որը մեզ է տրամադրել «Իրիգեյթ» ՍՊԸ-ի հայտադիմումը, կնքված համաձայնագիրը:

«Իրիգեյթ» ՍՊԸ-ի հետ փոխվարչապետի կապը

Փոխվարչապետների` կառավարության կայքում տեղադրված կենսագրություններից տեղեկանում ենք, որ Տիգրան Ավինյանը 2010-2011 թվականներին հիմնադրել է «Իրիգեյթ» ՍՊԸ-ն, որը զբաղվում է ոռոգման համակարգերի տեղադրմամբ եւ լանդշաֆտային դիզայնով։ Իրավաբանական անձանց ռեգիստրի գրանցամատյանում ընկերության հիմնադիրների մասը փակ է, եւ միայն համապատասխան վճարում կատարելուց հետո կարողացանք տեսնել ընկերության կանոնադրությունն ու մասնակիցների մասին տեղեկությունները: Ըստ այդմ՝ ընկերությունը հիմնադրվել է 2011 թվականի ապրիլի 30-ին: «Իրիգեյթ» ՍՊԸ-ի տնօրենը Արմեն Մարտիրոսի Ավինյանն է, որը փոխվարչապետի հայրն է: ՍՊԸ-ն գրանցված է այն հասցեում, որտեղ հաշվառված է Տիգրան Ավինյանը: Փոխվարչապետը ընկերության մասնակիցների ցանկից դուրս է եկել 2018թ. հունիսի 5-ին: Այժմ «Իրիգեյթ» ՍՊԸ-ի 100 տոկոս բաժնեմասը պատկանում է Դավիթ Արմենի Ավինյանին, որը փոխվարչապետի եղբայրն է: Դավիթ Ավինյանը պլաստիկ վիրաբույժ է:

«Իրիգեյթ» ՍՊԸ-ն հաղթող է ճանաչվել, երբ Ավինյանն արդեն փոխվարչապետ էր

Դրամաշնորհի համար Գյուղատնտեսության զարգացման հիմնադրամին ուղղված «Իրիգեյթ» ՍՊԸ-ի տնօրենի դիմումը ստորագրված է 2018 թվականի փետրվարի 14-ով: Այդ ժամանակ Տիգրան Ավինյանը Երեւանի ավագանու «ԵԼՔ» խմբակցության անդամ էր եւ հիշյալ ՍՊԸ-ի տնօրեն: Դիմում-հայտը ստորագրել է անձամբ Տիգրան Ավինյանը: Գյուղատնտեսության զարգացման հիմնադրամից մեր հարցմանն ի պատասխան հայտնել են, որ «Իրիգեյթ» ՍՊԸ-ի հետ կնքված փաստաթղթերը պարունակում են առեւտրային գաղտնիք, սակայն հիմնադրամի բանավոր հարցմանն ի պատասխան՝ ընկերությունից համաձայնել են, որպեսզի փաստաթուղթը մեզ տրամադրվի:

Գյուղատնտեսության զարգացման հիմնադրամի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար Գեորգի Խաչատրյանը մեզ հայտնել է, որ 2018թ. մարտի 15-ին «Իրիգեյթ» ՍՊԸ-ն  եւ այլ ընկերություններ հիմնադրամ են ներկայացրել թվով 49 բիզնես-հայտեր: Դրանից 16-ը մերժվել է: Մայիս 25-ին տեղի է ունեցել «Արժեշղթային զարգացման» հանձնաժողովի նիստը, որի արդյունքում թվով 33 բիզնես-հայտերից հաղթող է ճանաչվել է 29-ը: Սակայն վերջնարդյունքում համաձայնագրեր են կնքվել 26 ընկերությունների հետ, այդ թվում` «Իրիգեյթ» ՍՊԸ-ի: Ընկերության հետ պայմանագիր է կնքվել օգոստոսի 1-ին:

Արձանագրենք, որ Տիգրան Ավինյանը 2018թ. մայիսի 25-ին փոխվարչապետ էր, իսկ «Իրիգեյթ» ՍՊԸ-ի մասնակիցների ցանկից դուրս է եկել դրամաշնորհիմրցույթում հաղթող ճանաչվելուց հետո՝ 2018 թվականի հունիսի 5-ին:

Փոխվարչապետը՝ չրերի բիզնեսում

«Նպատակային ֆինանսավորման համաձայնագիր»-ը կնքվել է Միջազգային զարգացման ընկերակցության, Վերակառուցման եւ զարգացման բանկի եւ Հայաստանի Հանրապետության միջեւ կնքված «Համայնքների գյուղատնտեսական ռեսուրսների կառավարման եւ մրցունակության երկրորդ ծրագիր» վարկային համաձայնագրի շրջանակներում:

Մեր ձեռքի տակ եղած համաձայնագիրը կնքվել է «Իրիգեյթ» ՍՊԸ-ի տնօրեն Արմեն Ավինյանի, Գյուղատնտեսության զարգացման հիմնադրամի տնօրեն Գեղամ Գեւորգյանի եւ «Արտասահմանյան ֆինասնական ծրագրերի կառավարման կենտրոն» պետական հիմնարկի տնօրեն Էդգար Ավետյանի միջեւ:

Դրամաշնորհի բյուջեն կազում է 37 մլն դրամ, որից 16 մլն-ն է անհատույց տրամադրվել «Իրիգեյթ» ՍՊԸ-ին, մնացած գումարը ընկերության սեփական ներդրումն է: Ծրագրի իրականցման համար պետք է ձեռք բերվեն էլեկտրոնային չորանոց, չժանգոտվող մետաղից դարակաշարեր, մրգի եւ բանջարեղենի լվացման սարքավորում, արեւային պանելներ, բարձրարժեք տնկիներ, սառնարանային հանգույցի սարքավորումներ եւ հումք:

Գյուղատնտեսության զարգացման հիմնադրամի տնօրենը՝ նախարար

Փոխվարչապետի ընկերության հետ համաձայնագիր կնքած Գյուղատնտեսության զարգացման հիմնադրամի նախկին տնօրեն Գեղամ Գեւորգյանը հոկտեմբերի 16-ին նշանակվել է գյուղատնտեսության նախարար: Մեզ մոտ հարց էր առաջացել՝ արդյո՞ք գյուղատնտեսության նախարարի պաշտոնում Գեղամ Գեւորգյանին տեսել է հենց փոխվարչապետ Տիգրան Ավինյանը: Նախորդ շաբաթ գրավոր հարցում էինք ուղարկել վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանին, որին պատասխանել է կառավարության տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչության պետի տեղակալ Արմեն Խաչատրյանը:

«Գեղամ Գեւորգյանի թեկնածության առաջադրման որոշումը կայացվել է կառավարության թիմի խորհրդակցությունների արդյունքների հիման վրա»,- ասված է Արմեն Խաչատրյանի պատասխանում: Այսօր փոխվարչապետ Տիգրան Ավինյանի մամուլի քարտուղար Վահան Հունանյանին խնդրեցինք հարցազրույց կազմակերպել փոխվարչապետի հետ: Մեր առաջարկը քննարկելուց հետո Վահան Հունանյանն առաջարկեց հարցերը գրավոր ուղարկել եւ խոստացավ պատասխանել ողջամիտ ժամկետում: Մենք առաջարկեցինք, որ հարցերին բանավոր գոնե խոսնակը պատասխանի, սակայն վերջինս այդ առաջարկն էլ մերժեց: Մենք ուղարկել ենք գրավոր հարցում, որը այո կամ ոչ պատասխանն է ենթադրում: Փոխվարչապետին հարցրել ենք՝ արդյո՞ք ինքն է առաջարկել Նիկոլ Փաշինյանին Գեղամ Գեւորգյանին նշանակել գյուղատնտեսության նախարար:

Նյութն ամբողջությամբ կարդացեք «Հետք»-ում։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ