29 10 2018

Մենք համապատասխան գնում ենք ընտրության․ Գագիկ Ծառուկյան



«Ծառուկյան դաշինք» խմբակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանը, ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում անդրադառնալով Ընտրական օրենսգրքի փոփոխությունների նախագծի քվեարկությանը մասնակցելուն, ասաց․ «Մեզնից ինչ կախված, ինչը պետք է մեր ժողովրդին, մենք արել ենք, 31 պատգամավորով եկել ենք։ Մեր ամբողջ թիմն այստեղ է, որ բոլորն էլ տեսնեն ու ուրիշի սարքածը մեզ վրա չդնեն։ Մեր խոսքը գործ է եղել, ինչ ասել, այն էլ արել ենք»։

Հաջորդ ԱԺ-ում հայտնվելու իրենց շանսերը գնահատելով՝ Ծառուկյանն ասաց. «Մեր շանսերը կախված են մեր ժողովրդից։ Ոնց կմտածեն, ինչքան կմտածեն, այնքան էլ կտան։ Մենք հետեւողական ենք լինելու, համապատասխան ինչ–որ մենք ասել ենք, դա անելու ենք։ Քաղաքականությամբ մենք չենք ապրում, որ դրա հաշվին պիտի ապրենք, հեղինակություն ձեռք բերենք, մենք ուզում ենք լավ լինի, մեր հնարավորությունները, ծանոթությունները, մեր կապը դարձնենք իրականություն, որովհետև ես ժողովրդի ծոցից ելած եմ, սովորական ընտանիքից, բոլորի խնդիրներն ու պրոբլեմները սաղ գիտեմ»։

Ինչ վերաբերում է վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի հայտարարություններին, թե գործարարն ԱԺ-ում չպետք է լինի, Գագիկ Ծառուկյանն ասաց. «Պարոն Ծառուկյանն իր գործունեությունը հանձնել է կառավարման: Պարոն վարչապետը ձեզ ասաց, որ Ծառուկյանը մեծ սեփականատեր է, իր գործունեությունը հանձնել է կառավարման։ Եթե ինչ-որ բանով խանգարելու եմ իմ ժողովրդին, վնաս եմ բերելու, ես հրաժարվեմ, հարց չկա», - հայտարարեց նա։

Հարցից, թե այդ պարագայում մեծ սեփականատիրոջ ինչի՞ն է պետք ԱԺ–ում հայտնվելը, Ծառուկյանը վրդովվեց. «Հետաքրքիր ա, ես քեզ ասեմ, որ շատ հարցերը, որ տալիս ես, դա քեզ ա պետք, Ծառուկյանը եթե էսօր ամեն ինչ ունի, այդ կապերն էլ, հնարավորությունն էլ, որ Ծառուկյանը կարա ինչ ասես անի իր երկրի համար, Ծառուկյանի չափ անող երկրորդը չկա, որ բոլոր ոլորտներից իր ցանկությամբ իր հասանելիքը, որ կարողանում է լիարժեք բոլոր ոլորտներին բաժանի, ոչ թե ձևի համար, որ կարողանա ինչ–որ ձեռագիր թողի, որ էսօր մարդու արածը գնահատում է Աստված և ժողովուրդը, ես էդ մարդն եմ»։

Գագիկ Ծառուկյանի կողքին հարցազրույցի ժամանակ գտնվում էր նաև նույն խմբակցության պատգամավոր Նապոլեոն Ազիզյանը։ Լրագրողի հարցին, թե ով է գլխավորելու իրենց ցուցակը, Ծառուկյանն արձագանքեց. «Աղջիկ ջան, ուզում ես՝ Նապոլեո՞նը գլխավորի, ի՞նչ ես ուզում, ասա իմանամ։ Բայց ի՞նչն է պատճառը, որ Ծառուկյանը գլխավորի, թե չէ»։

Լրագրողները հետաքրքրվեցին, թե ինչպես կարող է ուժը ընդդիմադիր լինել, եթե ծափահարում են հեղափոխությանը, Ծառուկյանը նշեց. «Բայց էսօր ամբողջ ժողովուրդն է ծափահարում, մենք էսօր համապատասխան գնում ենք ընտրության, ընտրությանը համապատասխան ընդդիմություն կլինենք, ես ի՞նչ ասեմ»։

Հարցին՝ շարունակելո՞ւ են այլընտրանք լինել, պատգամավորը պատասխանեց. «Եղբայր ջան, ուրեմն առուն չթռած չես կարող ասել, կգնանք ընտրության, ամեն ինչ պարզ կլինի»։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ