26 10 2018

Ո՞ր հարցերում են համընկնում և հակադրվում խորհրդարանական ուժերի կարծիքները



Հոկտեմբերի 26-ին Ազգային ժողովում տեղի ունեցան խորհրդարանական խմբակցությունների ճեպազրույցները մամուլի հետ։

Մասնակցում էին ՀՅԴ խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանը, ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանը, «Ծառուկյան» խմբակցության ղեկավար Վահե Էնֆիաջյանը և «Ելք» խմբակցության ղեկավար Գևորգ Գորգիսյանը։

Առաջարկում ենք դիտել ամբողջությամբ, ինչպես նաև հատվածներ բանախոսների պատասխաններից։

 

Արմեն Ռուստամյան, ՀՅԴ

Մի կողմից մենք հայտարարում ենք, թե չենք միջամտում դատական գործընթացներին, բայց մյուս կողմից բավականին լավ, ամբողջկան տեղեկացված էր վարչապետը, թե ինչ ընթացքի մեջ է, ինչ թղթեր են խոչընդոտում։

Ես ամբողջությամբ բացառում եմ, որ վարչապետի հայտնած պատգամավորը Դաշնակցություն խմբակցությունից է։

Ես պարոն Բոլթոնի այցը համարում եմ չափազանց կարևոր և հեռուն գնացող նպատակներ հետապնդող։

Հայաստանը հետ է ընկել ռազմական զինանոցի կուտակման գործընթացից։

Ռուսաստանը պետք է հասկանա մի կարևոր տրամաբանություն՝ միջնորդները կամ ոչ մեկին զենք չեն վաճառում կամ վաճառում են՝ բալանսը չխախտելով։

Բնականաբար, կարծում եմ՝ տարբեր կողմերից կարող են ճնշել ապագա իշխանությանը, որ դուք ունեք շատ մեծ վստահություն, գնացեք այդ խիզախությանը և գնացեք այնպիսի զիջումների, որ կարող եք ձեր մեծ հեղինակության շնորհիվ ունենալ և փորձեք հարցը լուծել։ Սա կլինի մեծ սխալ՝ գնալ այդ դաշտ և օգտագործել վստահությանը՝ ընդունելով այնպիսի որոշումներ, որ թեև բխում են բանակցությունների սեղանին դրված առաջարկներից, բայց հակոտնյա են մեր ազգային շահերին։

Ես չեմ կարծում, որ Ղարաբաղի հարցում Ռուսաստանի դերը նվազել է։

Վարչապետը պետք է ավելի տեղեկացված լինի, քան որևէ մեկը, բայց տիրապետել հարցի ամբողջական գործընթացին, սա մի քիչ արդեն այլ տեղ է տանում։ Այս հայտարարությունները կարող են ենթադրել, որ ոչ միայն տիրապետում է, այլև ընթացքի մեջ ներգրավված է։ Նախ կարիքը չկա, որ մինչև հարցը բերելը վարչապետն այդ մասին հայտարարի։ Կբերեին Ազգային ժողով, բոլորս էլ կիմանայինք։

Եթե մենք մի բան անում ենք, անում ենք ակնհայտ, ոչ մեկից թաքուն չենք անում։ Մենք թաքուն, դավադիր գործընթացներ երբեք չենք արել և չենք անի։

Մեր քաղաքական ուժի կրեդոն է դա, որ եթե դու ճիշտ ես, քո ճշմարտությունը եթե անգամ այս պահին շատերի համար անընդունելի է կամ անընկալելի, միևնույն է՝ դու այդ մասին պետք է ասես՝ հանուն այն նպատակի, որ դու հետապնդում ես։

Մենք տեսանք, թե կողմ ըլլալով ով է դեմ լինում․ վարչապետի թեկնածու բերեցին, ասացին՝ կողմ ենք առաջադրմանը, դեմ ենք ընտրմանը։

Մենք մասնակցելու ենք ընտրություններին, ունենք մեր ասելիքը, տեսնում ենք վտանգները։ Որպես ընդդիմությունը մասնակցելու ենք ընտրություններին և ներկայացնելու ենք մեր մոտեցումները։ Անկախ արդյուքներից՝ սա լինելու է ուղորդող երկրի համար և ահազանգ բոլոր նրանց, որոնք չեն տեսնում վտանգները, որոնք առաջացել են այս փուլում։

Դաշնակցությունն ընտրություններին կմասնակցի առանձին։

Դեկտեմբերին ընտրության երեք պատճառ են բերում, բայց առանձին վերցրած ոչ մեկն էլ լուրջ պատճառ չէ։

 

Գևորգ Գորգիսյան, «Ելք»

Բերվել է ընտրական օրենսգիրք, որ մեծամասամբ քննարկվել էր բոլոր ուժերի հետ և կար կոնսենսուս, բայց ՀՀԿ-ն որոշեց, որ դեմ է օրենսգրքին, բացի այդ, այն մարդիկ, որ խոստացել էին գալ ու մասնակցել, չեկան։

Երևանի ընտրությունները ցույց տվեցին, որ նույնիսկ գործող օրենսգրքում, երբ համակարգը գործում է, որևէ կեղծիք չի կարող լինել։

Ծառուկյան խմբակցությունը, ՀՅԴ-ն և ՀՀԿ-ից դուրս եկած 18 պատգամավոր սատարում էին հայտնել վարչապետին և նրա ծրագրերին և ենթադրվում էր, որ պետք է ներկա լինեին ու կողմ քվեարկեին ընտրական օրենսգրքին։

Միանշանակ մասնակցելու ենք «Հանրապետություն» կուսակցության հետ միասին։ Այլ անհատներ և ուժեր կլինեն, թե ոչ՝ չեմ կարող:

Մեր ստեղծման օրվանից մեզ փորձում են սև ուժերի հետ կապել։

Անընդհատ մենք չենք ապացուցելու, որ մենք, օրինակ, ընձուղտ չենք․ եթե կան փաստեր, կարող են հրապարակել։

Մենք գնում ենք խորհրդարան՝ դառնալու երկրորդ ուժը։

 

Վահե Էնֆիաջյան, «Ծառուկյան» խմբակցություն

ՀՀ-ում նոր ընտրական օրենսգիրք ուենալը հրամայական է և հաշվի առնելով նաև նախկին ԸՕ կիրառության մեջ արձանագրված խնդիրները, գտնում ենք, որ այլևս նոր իրականություն է Հայաստանի համար և նոր իրականությունում նոր օրենսգրքով գնալը պահանջ է։

Մեր քաղաքական թիմի ներկայացուցիչներով, հանձինս Գագիկ Ծառուկյանի, լավ հարբաերություններ ունենք լրագրողների հետ։

Քաղաքականության մեջ ամեն ինչ պետք է տրամաբանված լինի, կա քայլերի հերթականություն։ Պետք է նախ հասնել նրան, որ իրավունքի ուժով խորհրդարանը լուծարվի, գնանք նոր խորհրդարանական ընտորթյունների։

Հայաստանում այնպիսի պաշտոն չկա, որ ԲՀԿ-ն թեկնածու կադր չունենա։

ԲՀԿ-ն ունի մեծ ծրագրեր, կադրային մեծ թիմ և բնականաբար՝ մեծ հավակնություններ։

Մեր թիմը համարում է, որ կուսակցության ցուցակաը, բնականաբար, պետք է առաջնորդի անձամբ Գագիկ Ծառուկյանը։

 

Վահրամ Բաղդասարյան, ՀՀԿ

Այն տարբերակները, որ քննարկվում են, թե Հայաստանի, թե Արցախի, թե Ադրբեջանի ժողովուրդը դեմ են։ Ես չեմ պատկերացնում, թե ինչ տարբերակների դեպքում են հանգուցալուծումը պատկերացնում։

Այսինքն պետք է հրապարակում միտինգ անեն, ասեն՝ ժողովուրդ, մենք մեր ազատագրած տարածքները հետ ենք վերադարձնում, ժողովուրդն էլ պետք է տա համաձայնությո՞ւն։ Հա՞, դա՞ է լուծման տարբերակը։

Վարչապետը եթե նման հայտարարություն է անում, պետք է բոլոր անունները տա։ Դա նախաքննության գաղտնիք է, և որևէ մեկն իրավունք չունի նման հայտարարություններ անել։

Մենք խաչբառ չենք լուծում, հանենլուկներով չենք առաջնորդվում, ես մարդկանց ճակատագրերի հետ կապված ենթադրություններ չեմ անի։

Առաջիկա օրերին մենք հայտարարություն կանենք ընտրության մասնակցության մասին։

ՀՀԿ նախընտրական ցուցակը մասնակցության դեպքում պետք է լինի միանշանակ քաղաքական ցուցակ։

Մենք մտնում ենք ազգային ժողով մեր դեմքը ցույց տալու, վերականգնվելու։

Անհամբեր մի սպասեք, թե ով է կալանավորվելու, անհամբեր սպասեք, թե ով է ազատության մեջ հայտնվելու։

Ճիշտ չէր դեկտեմբերին խորհրդարանական ընտրություն անելը, այս խորհրդարանը բնականոն հունով աշխատում էր և կարելի էր ընտրությունների գնալ 2022-ին։

Մենք թեկնածու չենք առաջադրելու, մենք դեմ ենք դեկտեմբերի ընտրություններին, մենք դեմ ենք ընտրական օրենսգրքի փոփոխություններին։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ