25 10 2018

Հայաստանում և Ադրբեջանում զենքի մեծ մասը Ռուսաստանից են գնում. ԱՄՆ նախագահի խորհրդական

Հայաստանում և  Ադրբեջանում զենքի մեծ մասը Ռուսաստանից են գնում. ԱՄՆ նախագահի խորհրդական

ԱՄՆ-ի համար Հայաստանի հետ հարաբերությունները ռազմավարական նշանակություն ունեն: Այս մասին հոկտեմբերի 25-ին լրագրողների հետ զրույցում ասաց ԱՄՆ նախագահի ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ջոն Բոլթոնը:

Նա արդեն հանդիպել է վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի, պաշտպանության և արտաքին գործերի նախարարների պաշտոնակատարների, Անվտանգության խորհրդի քարտուղարի հետ: Բոլթոնը նշեց, որ Փաշինյանի հետ մոտ 1,5 ժամ տևած հանդիպման ժամանակ նշվել է, որ ԱՄՆ-ի համար Հայաստանի հետ հարաբերությունները ռազմավարական նշանակություն ունեն:

ԱՄՆ նախագահի խորհրդականն ընդգծեց ամերիկյան կողմի պատրաստակամությունը աջակցելու Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորմանը ինչպես ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակներում, այնպես էլ «այլ հնարավոր» քայլերով:

Երևանում Բոլթոնը կրկնեց  Բաքվում արտահայտած միտքը. Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորումը ոչ միայն Հայաստանի և Ադրբեջանի, այլև Միացյալ Նահանգների շահերից է բխում:

«Խնդրի լուծումը շատ բարդ է։ Եթե այն պարզ լիներ, ապա հակամարտությունը վաղուց կարգավորված կլիներ։ Ես այստեղ չեմ եկել, որ ամերիկյան քաղաքականության մեջ տեղի ունեցած որևէ փոփոխության մասին հայտնեմ կամ նոր լուծումներ առաջարկեմ։ Կողմերը պետք է միմյանց հետ աշխատեն։ Կողմերը պետք է ինքնուրույն լուծում գտնեն »,- ասաց Բոլթոնը:

Նրա խոսքով արտաքին ազդեցությունը նվազագույնի հասցնելու համար Հայաստանին հարկավոր է կարգավորել հակամարտությունը:

Բոլթոնը նշեց, որ չի ցանկանում կանխագուշակել՝ նկատելով միայն, որ հայկական կողմն ակնհայտորեն աջակցում է ԵԱՀԿ Մինսկի խմբին:

«Եթե ընտրությունների արդյունքներով Փաշինյանը և նրա քաղաքական թիմը մեծ մանդատ ստանան, դա լավ հնարավորություն կլինի կարգավորման հարցում վճռական քայլերի համար»,- ասաց նա:

Ջոն Բոլթոնը մեկնաբանելով Սիրիա մարդասիրական առաքելություն ուղարկելու Հայաստանի մտադրությունն ասաց, որ ԱՄՆ-ն նույնպես մարդասիրական առաքելություն է իրականացնում:

Հարցին, թե ինչ փաստաթուղթ է լինելու բանակցային սեղանին ու ընդհանրապես ինչ կազմով են դրանք անցկացվելու, խորհրդականն ասաց, որ չի ուզում ժամանակից առաջ ընկնել։ Նրա խոսքով` Հայաստանում աջակցում են ԵԱՀԿ Մինսկի խմբի հետագա ջանքերին, ինչը ուրախալի է։

Թրամփի խորհրդականը մեկնաբանեց նաև 907–րդ բանաձևի դադարեցման հարցը։ Այդ բանաձևը սահմանափակում է Ադրբեջանին պետական մակարդակով օգնություն ցուցաբերելը։ «Այս պահին դեռ որոշում չի կայացվել։ Չեմ կարող ասել` երկու կողմերին զենք վաճառելու վերաբերյալ ինչ որոշում կկայացվի», — ասաց Բոլթոնը։

Թրամփի խորհրդականը նշեց, որ ինչպես Հայաստանում, այնպես էլ Ադրբեջանում զենքի մեծ մասը Ռուսաստանից են գնում։

«Մենք` ամերիկացիներս, հավատում ենք, որ մրցակցությունը կատարելագործման շարժիչ ուժն է։ Մեր ռազմամթերքն ամեն դեպքում ռուսականից լավն է», — ասաց Բոլթոնը։

Նրա խոսքով` հարցը պետք է քննարկվի ամերիկյան օրենսդրության շրջանակում։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ