«Ամերիկացի պաշտոնյաները տեղում են փորձում հասկանալ, թե ինչ է կատարվում Հայաստանում, և նոր իշխանություններն ինչպես են պատկերացնում հայ-ամերիկյան հարաբերությունների ապագան, ԼՂ հակամարտության կարգավորումը»,- այս մասին 168.am-ի հետ զրույցում ասաց ամերիկացի վերլուծաբան Փոլ Գոբլը՝ անդրադառնալով ԱՄՆ նախագահի անվտանգության հարցերով խորհրդական Ջոն Բոլթոնի Հայաստան կատարելիք այցի օրակարգին:
Փոլ Գոբլն ասաց, որ Ջոն Բոլթոնի այցն ունի հստակ օրակարգ, որով ամերիկյան կողմը կանցնի իր հայաստանյան հանդիպումների ընթացքում: Ըստ նրա, հաշվի առնելով պաշտոնյայի մասշտաբը, մոտավոր օրակարգ պետք է ունենա նաև հայկական կողմը, այսինքն` սա լավ առիթ է բարձրացնելու համար այն հարցերը, որոնք անհանգստացնում են կամ անհրաժեշտ են Հայաստանին, ինչը կարող է վերաբերել թե երկկողմ հարաբերություններին, թե ԼՂ հակամարտության կարգավորման գործընթացին:
Գոբլի խոսքով, ամերիկյան օրակարգը հիմնականում վերաբերում է հակամարտություններին, կոնֆլիկտներին, այն հարցերին, որոնք սպառնում են անվտանգությանը և առնչվում նաև ԱՄՆ շահերի հետ:
«Սա խնդրահարույց տարածաշրջան է, հակամարտությունները և խնդիրները շատ են` Սիրիա, Իրան, Ղարաբաղ, հարավկովկասյան երկրների հետ այդ ոլորտներում համագործակցությունը, դիրքորոշումները հստակեցնելու կարիք կա, և դրա անհրաժեշտությունը կա միշտ, իսկ ամերիկյան կողմը սովորաբար բավարար ուշադրություն չի հատկացնում: Սակայն սա լավ առիթ է և՛ երկկողմ հարաբերություններին առնչվող խնդիրները բարձրացնելու, և՛ ավելի բազմակողմ ու խրթին խնդիրներին անդրադառնալու համար:
Պատահական չէր, որ այս այցին ընդառաջ՝ ՀՀ-ում ԱՄՆ դեսպանը խոսեց կարգավորման մասին: Վստահաբար կարգավորման հնարավորությունների հարցը Հայաստանում և տարածաշրջանում կքննարկվի, թե ինչ է խոչընդոտում կարգավորմանը, կարծում եմ` հստակ խոսակցություն կարող է լինել: Ամերիկյան կողմն այս քննարկումների արդյունքում կորոշի՝ ինչպես շարժվել Ղարաբաղյան կարգավորման գործընթացում հետագայում ավելի բարձր արդյունավետության համար` տեղում շոշափելով ներկայիս տրամադրությունները։
Կարծում եմ` երկկողմ հարաբերություններում բավականին մեծ ներուժ կա, որը չի իրացվում: Ըստ իս, այս հարցի դեպքում հայկական կողմը պետք է պատրաստվի և հասկանա, թե ինչ է ցանկանում այս հարաբերություններից, հատկապես որ ոլորտներում: Այդ մասին օրերս ԱՄՆ Պետդեպի պաշտոնյաներից մեկն ակնարկեց Երևանում՝ ասելով, որ հայկական կողմը պետք է հասկանա, թե ինչ է ցանկանում»,-նման կարծիք հայտնեց Փոլ Գոբլը։
Նյութն ամբողջությամբ կարդացեք 168․am-ում։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը