Բաքվում Ֆրանսիայի դեսպան Աուրելիա Բուշեին կանչել են արտաքին գործերի նախարարություն: Նրան բողոքի նոտա են հանձնել՝ կապված Սենտ Էտյենի քաղաքապետի՝ առանց Բաքվի թույլտվության Արցախ կատարած այցի հետ, գրում է РИА Новости-ն։
Ադրբեջանի ԱԳՆ-ը երկուշաբթի հայտարարել էր, որ մտադիր է Սենտ Էտյենի քաղաքապետ Գաել Պերդրիոյին ներառել «սև ցուցակում»։
«Ադրբեջանում Ֆրանսիայի դեսպանը երեքշաբթի կանչվել է ԱԳՆ: Նրան դժգոհություն են հայտնել Ֆրանսիայի ներկայացուցիչների որոշակի քայլերի հետ կապված, որոնք վնասում են Ադրբեջանի շահերին և տարածքային ամբողջականությանը: Միևնույն ժամանակ պաշտոնական բողոք է հաղորդվել Սենտ Էտյենի քաղաքապետի՝ Լեռնային Ղարաբաղ կատարած անօրինական այցի պատճառով: Դեսպանին է հանձնվել Ադրբեջանի ԱԳՆ պաշտոնական բողոքի նոտան»,- նշվում է Ադրբեջանի ԱԳՆ հաղորդագրության մեջ։
Հիշեցնենք, որ Բաքուն իր «սև ցուցակում» ընդգրկում է այն արտասահմանցիներին, ովքեր այցելում են Լեռնային Ղարաբաղ՝ չհամաձայնեցնելով այցն ադրբեջանական իշխանությունների հետ: Ցանկում ընդգրկված անձանց մուտքն Ադրբեջան արգելվում է:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը