Մեր երկիրը ծանր հիվանդ էր, և Նիկոլ Փաշինյանն ու նրա թիմը շատ հաջող վիրահատություն կատարեցին, բայց հետհեղափոխական շրջանում պարզվեց, որ երկրում առկա բազմաթիվ հիմնախնդիրներ են գլուխ բարձրացրել՝ ինֆեկցիայի ձևով: Այս մասին հոկտեմբերի 23-ին ԱԺ հայտարարությունների ժամին ասաց ԱԺ ՀՅԴ խմբակցության քարտուղար Արմենուհի Կյուրեղյանը:
Պատգամավորը նաև հարց ուղղեց. Արդյո՞ք Փաշինյանի վիրահատական թիմը կարող է նաև հետվիրահատական լուրջ բուժում իրականացնել: Արդյո՞ք տեղերում բարձրացված խնդիրների լուծումը պետք է տանել տեղային անզգայնացմամբ՝ live-ով եթեր մտնելով, ժողովրդին հրապարակներ բերելով ու «դմփ դմփ հու»-ով:
ՀՅԴ խմբակցության ղեկավարը երկրում լուրջ վտանգներ է տեսնում արտահերթ խորհրդարանական ընտրություններից հետո ստեղծվելիք իրավիճակի համատեքստում. «Ոչ ոք չի կասկածում, որ այդ թիմը նոր ԱԺ-ում ստանալու է մանդատների 2/3-ը և հետևաբար սահմանադրական օրենքներ ու սահմանադրություն փոխելու իրավունք: Միակուսակցական որոշումների հնարավորությունը արդյոք չի՞ տանի այնպիսի օրենսդրական փոփոխությունների, ամրագրման, ինչպիսիք են մարիխուանայի օգտագործման օրինականացման թույլտվություն, ԼԳԲՏ-ների կողմից ամուսնական միությունների օրենսդրական հնարավորություն և դրանից բխող նման ընտանիքներին մանկատներից երեխաների որդեգրման հնարավորություն, Արցախի ազատագրված տարածքների հետ հանձնում՝ գրավյալ տարածքների անվան տակ, ռուսական զորամասերի ՀՀ տարածքից հանելու պահանջ, ինչպես եղավ Վրաստանում: Սրանք լուրջ մտահոգություններ են, որոնց լուծումը խոհեմ չեմ համարում հանձնել մեկ թիմի, թեկուզ Նիկոլ Փաշինյանին: Ես ուրախ կլինեի, որ իմ մտահոգությունները սխալ լինեին եւ ես ասեի՝ Նիկոլը ճիշտ էր, ես՝ սխալ»,- հայտարարեց պատգամավորը:
Պատգամավորը կոչ արեց առաջիկա ԱԺ ընտրություններում ընտրելուց առաջ մտածել այս մտահոգությունների շուրջ և նոր կատարել ընտրություն:
Ի դեպ, նա իր ելույթի սկզբում հուզվեց, չկարողացավ խոսքն ավարտել, և նիստը վարող ԱԺ փոխնախագահ Միքայել Մելքումյանը խնդրեց նրան ելույթ ունենալ բոլորից հետո, երբ հանգիստ կլինի:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը