22 10 2018

Դաշնակցությունը որոշել է մասնակցել ընտրություններին

Դաշնակցությունը որոշել է մասնակցել ընտրություններին

Հոկտեմբերի 19-21-ը կայացել է ՀՅԴ Հայաստանի 22-րդ արտահերթ Գերագույն Ժողովը` առաջիկա ՀՅԴ Ընդհանուր Ժողովի օրակարգի քննարկման նպատակով։ Ի շարս քաղաքական, կազմակերպական և այլ օրակարգերի, Ժողովն անդրադարձել է առաջիկա համապետական արտահերթ ընտրությունների հարցին։ Համակողմանի քննարկումների արդյունքում ժողովը որոշել է մասնակցել արտահերթ խորհրդարանական ընտրություններին։ Քննարկման ավարտին ՀՅԴ Հայաստանի 22-րդ արտահերթ Գերագույն Ժողովը միաձայնությամբ ընդունել է ՀՀ ԱԺ արտահեթ ընտրություններին մասնակցելու հարցով առանձին հայտարարություն, որը ներկայացնում ենք ստորև:

ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

ՀՅԴ ՀԱՅԱՍՏԱՆԻ 22-ՐԴ ԱՐՏԱՀԵՐԹ ԳԵՐԱԳՈՒՅՆ ԺՈՂՈՎԻ ՀՅԴ Հայաստանի 22-րդ արտահերթ Գերագույն Ժողովը՝ . արժևորելով նախընթաց (2015-2018) ժամանակահատվածում կուսակցության գործունեությունը, քննելով ներքաղաքական վիճակը, առկա մարտահրավերներն ու հնարավոր զարգացումները, . կարևորելով քաղաքական ուժերի միջև գաղափարական, ծրագրային հենքի վրա փոխադարձ հարգանքի հանդուրժողականության մթնոլոտում քաղաքական պայքարը, . իբրև ազգային, սոցիալիստական, ժողովրդավարական կուսակցություն, նպատակ ունենալով կյանքի կոչել ՀՅԴ արժեհամարկարգից բխող գաղափարական, ծրագրային առաջադրանքները,  . արձանագրելով իր հավատարմությունը ազգային ուղեգծին, Արցախի հանրապետության և արցախահայության իրավունքների ամբողջական պաշտպանության, երկրում սոցիալական ու տնտեսական արդարության հաստատման համար պայքարին, որոշում է մասնակցել Խորհրդարանական արտահերթ ընտրություններին:

Միաժամանակ, Ժողովը՝  . արձանագրում է, որ անընդունելի է ընթացիկ դեկտեմբերին՝ առանց օրենսդրական լիարժեք փոփոխությունների, շտապողական արտահերթ խորհրդարանական ընտրությունների անցկացումը, . իր մտահոգությունն է հայտնում կառավարության գործունեության ծրագրում ամրագրված ազատ, արդար, թափանցիկ և մրցակցային ընտրությունների անցկացման համար անհրաժեշտ երաշխիքների ոչ լիարժեք ապահովման կապակցությամբ, . փաստում է, որ անցյալի ոչ ցանկալի իրողությունների և երևույթների մերժումն ինքնին չի ենթադրում երաշխավորված ապագա:

Դաշնակցությունը, որպես ընդդիմություն, անկախ ընտրությունների արդյունքներից, մշտապես հանդես է գալու իր սկզբունքային դիրքորոշումներով, հետևողական և վճռական քայլերով։

21, հոկտեմբեր, 2018 թ.

Աղվերան։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ