Վաղ առավոտից Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմն իրականացրել է Հայաստանի համայնքներում տեղի ունեցած ընտրությունների դիտարկում: Այս մասին հայտնում են ՄԻՊ աշխատակազմից:
Այդ նպատակով ստեղծված աշխատանքային խմբի անդամները Պաշտպանի անմիջական ղեկավարությամբ իրականացրել են անհրաժեշտ ուսումնասիրություններ, ապահովել են արձանագրված ահազանգերի ու բողոքների քննարկումը, ինչպես նաև քաղաքացիներին տրամադրել են իրավական խորհրդատվություն:Մասնավորապես, Աշխատակազմի թեժ գծին ստացվել է ահազանգ ընտրատեղամասում քաղաքացիների կուտակումների և ընտրողների ուղղորդումների վերաբերյալ: Ստացած տեղեկությունը վերաբերել է Գեղարքունիքի մարզի Ներքին Գետաշեն համայնքի թիվ 21/4 ընտրատեղամասին: Հարցն անմիջապես ուսումնասիրվել է Պաշտպանի աշխատակազմում և տեղեկությունը փոխանցվել է ՀՀ ոստիկանություն:
Ողջ օրվա ընթացքում առանձին ուշադրություն է դարձվել ընտրությունների վերաբերյալ զանգվածային լրատվության միջոցներում տեղ գտած նյութերին: Ուսումնասիրության է ենթարկվել ավելի քան 270 հրապարակում։ Արձանագրվել են ընտրողների ուղղորդման, քաղաքացիների կուտակումների և մյուս միջադեպերի վերաբերյալ հրապարակումները: Մասնավորապես, ընտրողների ուղղորդման մասին հրապարակում է եղել կապված Կոտայքի մարզի Սոլակ գյուղի հետ: Արձանագրվել է նաև Ոստիկանության ծառայողի կողմից Հրազդանի 26/14 ընտրատեղամասից գրանցամատյանի հեռացման վերաբերյալ հրապարակումը: Մեկ այլ հրապարակման համաձայն՝ Էջմիածնի թիվ 14/07 ընտրատեղամասում քվեարկության պահին ընտրողի մոտ հայտնաբերվել է երկու քվեաթերթիկ։
Արձանագրվել են նաև մի շարք թեկնածուների հրապարակային պնդումները վարչական լծակներ գործադրվելու վերաբերյալ:Հատուկ ուշադրություն է դարձվել լրագրողական աշխատանքների ապահովմանը: Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմը լրագրողական աշխատանքի խոչընդոտի դեպք չի արձանագրել:Ընտրական գործընթացների հետ կապված հարցերով Պաշտպանի աշխատակազմն արդյունավետ համագործակցել է Կենտրոնական ընտրական հանձնաժողովի և իրավապահ մարմինների հետ:
Պաշտպանի աշխատակազմի թեժ գծին, ինչպես նաև զանգվածային լրատվության միջոցներում տեղ գտած հրապարակումների առնչությամբ Պաշտպանին օրենքով վերապահված իրավասության շրջանակում կձեռնարկվեն համապատասխան միջոցներ, ինչպես նաև կիրականացվեն դրանց բոլորի առնչությամբ հետևողական աշխատանքներ: Ընտրական իրավունքների իրականացմանն առնչվող բողոքները Պաշտպանին կարելի է ուղղել 116 և (096) 116100 հեռախոսահամարներով կամ այցելելով աշխատակազմ:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը