Սա այն եզակի, բացառիկ իրավիճակներից է, որ ձգձգումը հղի է առավել մեծ ռիսկերով: Այս մասին հոկտեմբերի 19-ին Վենետիկի հանձնաժողովի 116-րդ լիագումար նիստում իր ելույթում հայտարարել է ՀՀ առաջին փոխվարչապետ Արարատ Միրզոյանը:
Ստորև ներկայացնում ենք ելույթն ամբողջությամբ.
«Մեծարգո անդամներ,
Տիկնայք և պարոնայք,
Նախ թույլ տվեք անկեղծ շնորհակալությունս հայտնել հանձնաժողովի լիագումար նիստի հրավերի համար:
Ինձ համար պատիվ է հանդես գալ իրավունքի միջոցով ժողովրդավարության ամրապնդման ոլորտում կարեւորագույն կառույցներից մեկի՝ Վենետիկի հանձնաժողովի առջեւ:
Այսօր Հանձնաժողովի հետ մեր համագործակցության տրամաբանությամբ կուզենայի Ձեզ ներկայացնել Հայաստանի վերջին ներքաղաքական զարգացումները, անդրադառնալ օրենսդրական բարեփոխումների մեր օրակարգին, կիսվել Ձեզ հետ երկիրը ժողովրդավարական ուղիով տանելու մեր կառավարության ծրագրերով։
Ինչպես ձեզանից շատերը հավանաբար գիտեն, 2018 թվականի գարնանը մեր ժողովուրդը խաղաղ, առանց բռնության հեղափոխության միջոցով իրացրեց իշխանության իր ուղղակի իրավունքը։ Այդ օրերին Հայաստանի քաղաքացիները դուրս եկան երկրի փողոցներ եւ հրապարակներ՝ իրականացնելու ավելի լավ երկիր ունենալու իրենց երազանքը. երկիր, որտեղ իրապես կնյութականացվեն օրենքի գերակայության, մարդու իրավունքների պաշտպանվածության, ներառյալ ազատ, արդար եւ թափանցիկ ընտրությունների միջոցով կառավարություն ձեւավորելու իրավունքի ապահովման, հաշվետու եւ թափանցիկ հանրային կառավարում ունենալու, հակակոռուպցիոն գործուն մեխանիզմներ ապահովելու եւ ազատ ու իրապես մրցակցային տնտեսություն ունենալու սկզբունքները:
Արդյունքում այս տարվա մայիսին երկրի խորհրդարանական խմբակցություններն աջակցեցին խաղաղ իշխանափոխությունը, եւ ձեւավորվեց համաձայնության կառավարություն՝ փոփոխված ընտրական օրենսդրությամբ մեկ տարվա ընթացքում արտահերթ խորհրդարանական ընտրություններ իրականացնելու առաջնային օրակարգով։
Անհրաժեշտ է ընդգծել, որ արտահերթ խորհրդարանական ընտրությունները կոչված են ամփոփելու խաղաղ հեղափոխությունը եւ հաղթահարելու գոյություն ունեցող քաղաքական, ինստիտուցիոնալ եւ սահմանադրական ճգնաժամը՝ ձեւավորելով իրապես ներկայացուցչական խորհրդարան, քանի որ գործող Ազգային ժողովը, որն ընտրվել է ընդամենը մեկ տարի առաջ, չի ներկայացնում մեր ժողովրդի քաղաքական կամքն ու ընտրությունը։ Թույլ տվեք շատ հստակ արտահայտվել, որ այսօր մեր Ազգային ժողովը չի ներկայացնում գրեթե ոչ մեկին:
Հարգելի հանձնաժողովականներ,
Մեր Սահմանադրության համաձայն, արտահերթ խորհրդարանական ընտրություններ անցկացնելու միակ ճանապարհը վարչապետի հրաժարականն է, ինչը տեղի է ունեցել մի քանի օր առաջ: Այժմ երկու շաբաթվա ընթացքում նոր վարչապետ չընտրվելու դեպքում մենք արտահերթ ընտրություններ կանցկացնենք դեկտեմբերի սկզբին:
Սակայն թույլ տվեք համառոտ ներկայացնել Ընտրական օրենսդրության բարեփոխման ուղղությամբ մեր երկում վերջին ամիսներին տեղի ունեցած զարգացումները եւ առաջ շարժվելու կառավարության տեսալականը։
Այսպես, մայիսին համաձայնության կառավարության ձեւավորումից հետո վարչապետի որոշմամբ ձեւավորվել է աշխատանքային հանձնաժողով, որը բաղկացած էր քաղաքացիական հասարակության, դիտորդական կազմակերպությունների, համապատասխան պետական մարմինների ներկայացուցիչներից, իրավաբաններից, անկախ փորձագետներից եւ որը գլխավորելու պատիվն ունեցել եմ ես։
Մեր հանձնաժողովը բազմաթիվ արդյունավետ քննարկումներ է ունեցել խորհրդարանական եւ արտախորհրդարանական գործընկերների, ակադեմիական եւ մասնագիտական շրջանակների, ազգային փոքրամասնությունների, կանանց եւ հաշմանդամություն ունեցող անձանց իրավապաշտպան եւ քաղաքացիական հասարակության այլ կազմակերպությունների ներկայացուցիչների հետ։
Խորհրդարանական խմբակցությունները եւս աշխատել են զուգահեռաբար եւ կառավարության հանձնաժողովին ներկայացրել իրենց առաջարկությունները: Կարեւոր եմ համարում շեշտել, որ օրենսգրքի նախագծում հասցեագրվել են խորհրդարանական մեր գործընկերների ներկայացրած առաջարկությունների գերակշիռ մեծամասնությունը։ Երեք օր առաջ կառավարությունը փոփոխությունների նախագիծն ուղարկել է Ազգային ժողով։
Հարկ է նշել, որ կառավարությունը հաստատել է բարեփոխումների հայեցակարգը՝ առանձնացնելով խնդիրները լուծումների երկարաժամկետ եւ կարճաժամկետ տեսանկյունից: Նախագծի փոփոխությունները հասցեագրում են միայն կարճ ժամկետում հնարավոր լուծումները՝ նկատի ունենալով, որ երկարաժամկետ բազմաթիվ լուծումները կարող են իրականացվել միայն համապատասխան սահմանադրական փոփոխություններից հետո:
Ամփոփ փորձեմ ներկայացնել, թե ինչ հիմնական հարցեր է լուծում Ընտրական օրենսգրքի մեր նախագիծը․
- Թերեւս ամենահիմնական փոփոխությունն անցումն է դասական կամ պարզ համամասնական ընտրակարգի, նկատի ունենալով, որ գործող ընտրական օրենսգրքի «քվազի-համամասնական» կամ այսպես կոչված՝ «ռեյտինգային» ցուցակներն ընտրությունների արդյունքում ապացուցեցին իրենց մանիպուլյատիվ բնույթը;
- Հաջորդը, կուսակցական բազմակարծության ապահովմանը եւ կուսակցությունների զարգացմանը միտված փոփոխությունների խումբն է․ այսպես, նախատեսվել է խորհրդարան մտնելու անցողիկ շեմի իջեցում, ընտրագրավի նվազեցում, նախընտրական ցուցակի ոչ կուսակցական հատվածի համար սահմանված շեմի բարձրացում, կոալիցիաների մասնակիցների թվի եւ ձեւավորման ժամկետների ընդլայնում; ինչպես նաեւ ընտրությունների արդյունքում նվազագույնը 4 կուսակցությունների (կուսակցությունների դաշինքների) ընտրության երաշխիքների ապահովում; կանանց ներկայացվածության քվոտայի բարձրացում;
- Նախագծով բարելավվում է բողոքարկման համակարգը՝ իրավունք տալով կուսակցություններին, թեկնածուներին եւ դիտորդական առաքելություն իրականացնող ՀԿ-ներին՝ վարչական պատասխանատվության միջոցներ կիրառելու համար հայցով դիմելու դատարան, ինչը մինչ այդ արվում էր միայն ԿԸՀ միջոցով;
- Համապետական ընտրությունների ժամանակ Հանրային հեռուստատեսությամբ նախատեսվում է հեռուստաբանավեճերի կազմակերպում՝ դրանցից առնվազն մեկը նախատեսելով կուսակցությունների համամասնական ցուցակի առաջին համարների մակարդակով, ինչպես նաեւ անվճար հնարավորություն տալով այլ լրատվամիջոցներին վերահեռարձակելու այդ հեռուստաբանավեճերը, բացի այդ կուսակցությունների նախընտրական ծրագրերի լուսաբանման համար Էապես ավելացվում է Հայաստանի հանրային ռադիոյով եւ հեռուստատեսությամբ անվճար եթերաժամանակի քանակը եւ այլն:
Հարգելի գործընկերներ,
Րոպեներ առաջ ավարտվել է Ազգային ժողովի համապատասխան հանձնաժողովի՝ Պետական-իրավական եւ մարդու իրավունքների պաշտպանության հարցերի մշտական հանձնաժողովի նիստը եւ քաղաքական խմբակցությունների ներկայացուցիչները միաձայն քվեարկությամբ դրական եզրակացություն են տվել Ընտրական օրենսգրքի նախագծին: Եթե Խորհրդարանն ընդունի Ընտրական օրենսգիրքը, ապա դեկտեմբերի ընտրությունները կանցկացնենք նոր օրենսգրքով:
Մենք ընդունում ենք, որ շատերիդ համար նման քաղաքական կուրսը շտապողական կթվա, սակայն հավատացնում եմ ձեզ, որ սա այն եզակի, բացառիկ իրավիճակներից է, որ ձգձգումը հղի է առավել մեծ ռիսկերով, որոնք կապված են օր առաջ իրավունքի միջոցով ժողովրդի իշխանության վերականգնման եւ երկրի կայուն զարգացման հետ։ Մենք որպես կառավարություն, լիովին գիտակցում ենք այս մարտահրավերը եւ մեզ վրա ենք վերցնում պատասխանատվությունը:
Հարգելի հանձնաժողովականներ,
Մեր կառավարության հիմնական առաքելությունը ժողովրդին իշխանությունը վերադարձնելու եւ ժողովրդավարական ինստիտուտների ամրապնդումն է երկրում, եւ այս ճանապարհին մեր ժողովուրդն ու կառավությունն ակնկալում է միջազգային մեր գործընկերների, Եվրոպայի խորհրդի եւ հատկապես՝ Վենետիկի հանձնաժողովի հետ ակտիվ համագործակցություն եւ սերտ աշխատանք:
Հավատացած եմ, որ այս հանձնաժողովում տարիներ ի վեր կուտակված իմաստնությունն ու փորձը կարող են էականորեն նպաստել իմ հայրենիքում իրավունքի զարգացման եւ ժողովրդավարության կառուցման գործին:
Շնորհակալություն ուշադրության համար»։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը