19 10 2018

Միլսի ԼՂ հարցով մեկնաբանությունները պետք է դիտարկել այլ կոնտեքստում. վերլուծաբան․ 168․am

Միլսի ԼՂ հարցով մեկնաբանությունները պետք է դիտարկել այլ կոնտեքստում. վերլուծաբան․ 168․am

«ԱՄՆ դեսպանը որևէ անակնկալ բան չի ասել»,- այս մասին 168.am-ի հետ զրույցում ասաց գերմանացի քաղաքական վերլուծաբան Ալեքսանդր Ռարը՝ անդրադառնալով Հայաստանում ԱՄՆ դեսպան Ռիչարդ Միլսի վերջին հայտարարություններին և ՌԴ ԱԳՆ հատուկ ներկայացուցիչ Մարիա Զախարովայի արձագանքներին:

Նրա խոսքով՝ հայ ժողովուրդն ինքը պետք է որոշի, թե ինչի է պատրաստ: Սակայն դեսպանը շեշտում է, որ ինքը ցնցված է, թե որքան քիչ են քննարկվում ընդունելի լուծման և փոխզիջումների հարցերը:

Դիվանագետի կարծիքով՝ ստատուս-քվոն արդեն Հայաստանի օգտին չէ, և սա դրսևորվում է փակ սահմաններից սկսած՝ մինչև նյութական պաշարների և մարդկային ռեսուրսների հետ կապված իրավիճակի լարվածություն, ընդհուպ՝ մինչև հակամարտության հետ կապված կոռուպցիոն ռիսկեր:

Ալեքսանդր Ռարի խոսքով՝ ամերիկյան դիվանագիտության մեջ ընդունված է, երբ հեռացող դեսպանները, դիվանագիտական առաքելությունն ավարտող գործիչները ծրագրային  ուղերձներով են հանդես գալիս այն երկրում, որտեղ աշխատել են, դրանք շատ ավելի բաց բնույթ են ունենում:

Ըստ նրա, որքան հասցրել է հետևել կամ լսել նրա մեկնաբանությունները` Միլսի վերջին ելույթները պետք է դիտարկել այս ավանդույթի շրջանակում, քանի որ իր պաշտոնավարման ընթացքում դեսպանն աչքի էր ընկնում զգուշավորությամբ, դիվանագիտական փայլուն բառապաշարի գործածությամբ:

«Որքան ես եմ հասկանում, կարգավորման ընդհանուր փաստաթղթերում այս թեմայի շուրջ ամրագրումներ միշտ են եղել, ուստի սա նորություն չէ, և չպետք է մեծ անակնկալ լինի հայկական կողմի` իշխանությունների, հասարակության համար: Այլ հարց է, որ հայկական կողմի համար սա ցավոտ թեմա է եղել միշտ, քանի որ կա անվտանգության հարց, կան անհամաձայնություններ Ադրբեջանի հետ, շփման գծում խախտումներ, ինչպես նաև 2016 թվականի անսպասելի ռազմական գործողությունները, որոնք կարծես փակեցին այս թեման հայկական կողմի համար: Բայց Միլսն առաջին դիվանագետը չէ, որ այդ մասին խոսում է, համանախագահ Ուորլիքը, Հեֆֆերնը վերջիններն էին, որոնք ևս խոսել էին սրա մասին, մինչ դա գուցե ևս եղել են դիվանագետներ, որոնք խոսել են այս մասին, ուստի սա նորություն չէ: Եթե հայկական կողմը հրաժարվում է այդ փաստաթղթերից, եթե այդ մասին տեղյակ են միջնորդ երկրները, ապա նման հայտարարությունը տարօրինակ է, եթե չկա հրաժարում սրանից, այս հայտարարությունը պետք է ընկալել այլ կոնտեքստում` դեսպանը հասարակության համար փակ թեմա է բացել քննարկումների համար, քանի որ հայ հասարակության համար, որքանով ինձ է հայտնի, այդ սկզբունքներից ամենաանընդունելին հենց այս հարցն է:

Հարցին, թե ինչո՞ւ է դեսպանը խոսում այս հարցի մասին հենց հիմա, քաղաքական վերլուծաբանը պատասխանեց, թե՝ հասկանալով, որ կան կարգավորման հայտնի սկզբունքները, որոնց ցանկում կա նաև սա, և որը բավականին սուր է ընկալվում հասարակության կողմից և չի քննարկվում, հնարավորինս շրջանցվում է սովորաբար, ուստի հեռացող դեսպանը ուղերձ է փոխանցում, որ խաղաղության հնարավոր չէ հասնել առանց այս սկզբունքի, և հասարակությունը պետք է որոշի:

Ըստ նրա, դեսպանը շեշտում է հասարակության դերը, քանի որ նման հարցերում, ի վերջո, հասարակությունն է իր կամքը թելադրելու իշխանությանը: «Իսկ այս մասին խոսում է հեռանալիս, քանի որ կա գիտակցում, որ սա սուր է ընկալվելու, ուստի այս հարցը բարձրացնում է առաքելությունն ավարտելիս: Բայց ուզում եմ շեշտել, որ որոշողը հակամարտող կողմերն են, նրանք են որոշում՝ բանակցել-չբանակցել, ինչ փաթեթի շուրջ բանակցել կամ չբանակցել»,- ասաց Ռարը։

Նյութն ամբողջությամբ կարդացեք 168․am-ում։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ