Առաջին փոխվարչապետի պաշտոնակատար Արարատ Միրզոյանը հոկտեմբերի 17-ին ԱԺ-ում հանդիպել է «Ելք» խմբակցության պատգամավորների հետ: Քննարկել են Ընտրական օրենսգրքի բարեփոխումները:
Հանդիպումից հետո Միրզոյանը լրագրողների հետ զրույցում նշեց, որ հանդիպումն անցել է հիանալի մթնոլորտում: «Որևէ կոնցեպտուալ տարաձայնություն չկա և չէր կարող լինել: Մի քանի տեխնիկական հարցեր կային, որոնք կլուծենք»,- ասաց նա:
Նա նաև նշեց, որ Ընտրական օրենսգրքի բարեփոխումների շուրջ «Ելք» և «Ծառուկյան» խմբակցությունների հետ կոնցեպտուալ տարաձայնություններ չկան, կառավարությունը ՀՅԴ-ի հետ փոխզիջումային տարբերակ չի գտել: Նա հույս հայտնեց, որ ԱԺ արձակումից հետո մինչև արտահերթ ընտրություններն ընկած 2 շաբաթ ժամանակահատվածն անցնցում կանցնի:
Հարցին` ընտրությունների կգնան նո՞ր օրենսգրքով, թե՞ հնով, նա պատասխանեց, որ գնալու ենք ընտրությունների, իսկ թե ինչպիսի՞ օրենսգրքով, պետք է որոշեն խորհրդարանականները: «Հույս ունեմ, որ կգնանք նորով»,- նշեց Միրզոյանը:
Դիտարկմանն էլ` իրավաբանների մի խումբ պնդում է, որ եթե վարչապետի ընտրության առաջին փուլում թեկնածու չառաջադրվի, դա խնդիրներ կառաջացնի, Միրզոյանն արձագանքեց, որ այդ տարբերակը կուսումնասիրեն: «Եթե օրենսդրության պահանջ լինի, կարծում եմ, կլինի Նիկոլ Փաշինյան վարչապետի թեկնածու, որին առաջին փուլում պատգամավորները դեմ կքվեարկեն, որ լինի երկրորդ փուլը, որպեսզի այնտեղ էլ չընտրվի վարչապետ, և լինեն արտահերթ ընտրություններ»,- ասաց նա:
Միրզոյանը նաև նշեց՝ Ընտրական օրենսգրքի բարեփոխումների վերաբերյալ Վենետիկի հանձնաժողովի փորձագիտական եզրակացություն չեն հասցնի ունենալ:
Ինչ վերաբերում է հարցին, թե ինչ ցուցակով կգնան ընտրություններին, Միրզոյանն ասաց, որ ցուցակը չի հրապարակելու, բայց ցուցակը պետք է լինի իսկապես հեղափոխության քաղաքական թիմը` ՔՊ կորիզը: Կլինեն նաև մարդիկ, ովքեր ՔՊ-ից չեն, այսինքն, բացի հեղափոխության ցուցակը լինելուց, պետք է լինի ներառական ցուցակ՝ ընդգրկի տարբեր ոլորտներում հայտնի գործիչների:
Հարցին` բարիկադների մյուս կողմից մարդիկ կլինե՞ն ցուցակում, Միրզոյանը պատասխանեց` այո: «Մենք ասել ենք, որ մեր ձեռքը մեկնած է, մենք չենք կարող մերժողական հասարակություն կառուցել՝ խոսելով այն մասին, որ ուզում ենք նոր Հայաստանն ավելի լավը լինի, մենք չենք վերացնում իրենց Հայաստանը և սարքում մեր Հայաստանը, նոր Հայաստանի մեջ իրենք էլ են մտնում, և պետք չի սա ընկալել ճամբարափոխություն եզրույթով, պարզապես մարդիկ կան, որոնք ուզում են մասնակցել, ինչու` ոչ, պետականաշինությանը»,- ասաց նա։
Միրզոյանը նաև հավելեց, որ իրենց ցուցակը հավանաբար կգլխավորի վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը