ԵԽԽՎ-ում ես իմ գործն եմ արել, Լենա Նազարյանը հետո այլ գործով է եկել, որը կապ չունի իմ գործի հետ:
Այս մասին հոկտեմբերի 17-ին ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում ասաց «Ելք» խմբակցության պատգամավոր Էդմոն Մարուքյանը` պատասխանելով հարցին՝ արդյոք Նիկոլ Փաշինյանը նրան չի՞ վստահում, քանի որ ԵԽԽՎ էր մեկնել նաև խմբակցության ղեկավար Լենա Նազարյանը:
«Ես ԵԽԽՎ մեկնելուց առաջ հանդիպել եմ վարչապետի հետ, զրուցել ենք, ճշտել ենք մեր անելիքները։ Ես ներկայացնում եմ «Ելք» խմբակցությունը, ներգրավված եմ լիբերալների խմբում, տարբեր այլ տեղերում ներկայացրել եմ այն, ինչ Հայաստանում տեղի է ունենում, արտահերթ խորհրդարանական ընտրությունների անհրաժեշտությունն ու դրա հիմնավորումները»,-նշեց նա:
Անդրադառնալով ԱԺ արտահերթ ընտրությունների մասնակցության ձևաչափին` Էդմոն Մարուքյանն ասաց, որ ամենայն հավանականությամբ, «Լույս» դաշինքով կմասնակցեն:
Նա ընդգծեց, որ Նիկոլ Փաշինյանի հետ կրկին դաշինքով գնալու առաջարկ չի ներկայացվել: «Տրամաբանությունը հուշում է, որ Երևանի ավագանու ընտրությունների ժամանակ ստեղծված բրենդը, որը բնականաբար, շատ լուրջ ռեսուրս է, և այն սկզբունքները, որոնք դրվել են դաշինքի հիմքում, գործում են մինչ այսօր, հետևաբար, այդ նույն ձևաչափով կմասնակցենք»,-շեշտեց նա:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը