Դաշնակցությունը վաղուց է հայտարարել, որ 7 հոգով թեկնածու առաջադրելն անիմաստ զբաղմունք է: Այս մասին այսօր ԱԺ-ում լրագրողների հարցին, թե ՀՅԴ-ն չի՞ պատրաստվում վարչապետի թեկնածու առաջադրել, պատասխանեց խմբակցության անդամ Արմեն Ռուստամյանը, ավելացնելով, որ երբեք էլ չեն պատրաստվել:
Արմեն Ռուստամյանը հստակ չասաց, թե արդյոք կուսակցությունն արդեն որոշում ունի՞՝ դաշինքո՞վ են մասնակցելու ընտրություններին, թե՞ կուսակցությամբ. «Երբ հստակ կլինի՝ երբ են ընտրությունները, ինչ օրենսգրքով, ինչպիսի պայմաններում, բնականաբար դրա հետ կապված որոշում կլինի»: Ռուստամյանը նշեց, որ իրենք շարունակում են նույն համոզման լինել, որ ընտրությունները հապճեպ են անցկացվում: «Մենք հստակ ասել ենք, որ եթե ընտրությունները տեղի են ունենում, պետք է տեղի ունենան կառավարության ծրագրին համապատասխան, գրվել է, որ մինչև մեկ տարի, հենց այնպես չի գրվել, գրվել է, այսինքն՝ կան քայլեր, որոնք պետք է կատարվեն»,-ասաց նա և հավելեց, որ իրենք կողմնակից են, որ խորհրդարանական ընտրությունները կայանան նորմալ պայմաններում, այնպես, ինչպես ժողովուրդը որոշի:
Ընտրական Օրենսգրքի հետ կապված ՀՅԴ-ն ունի իր մոտեցումները. «Այսօր էլ կխոսենք, մենք կոնսեսուսով ուղարկել են առաջարկներ և կտեսնենք, թե այդ կոնսենսուսը որքանով է ընդգրկված նոր ԸՕ-ում և ըստ այդմ էլ կկողմնորոշվենք, բնականաբար ԸՕ-ի փոփոխությունը շատ կարևոր է: Եթե ԸՕ-ն փոխում են ամենասեղմ ժամկետներում, ԸՕ-ն ուժի մեջ է մտնում նոյեմբեր ամիսին, և սա մեր համար հիմնական հարց է»:
Ինչ վերաբերում է հարցին` հուշագրով կամրագրե՞ն իրենց տեսակետը, ՀՅԴ պատգամավորը նշեց, որ ինքնանպատակ հուշագրեր ստորագրելու խնդիր չեն տեսնում: Նա նշեց, որ վարչապետի հետ հուշագիրը ուրվագծել են, հինգ խնդիր են դրել, որոնց շուրջ սկսվել է վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ իրենց համագործակցությունը:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը