13 10 2018

Հայկ Մարությանը պարզաբանում է իր խոսքը

Հայկ Մարությանը պարզաբանում է իր խոսքը

Երևանի նորընտիր քաղաքապետ Հայկ Մարությանը ֆեյսբուքյան իր էջում հանդես է եկել պարզաբանմամբ.

«Սիրելի Երևանցիներ, նոր նկատեցի որ համացանցում տարածում են լուրեր, որ ես խոսել եմ տրանսպորտի թանկացման մասին: Ես պաշտոնապես հայտարարում եմ, ինչպես և 5 տարի առաջ այնպես էլ հիմա դեմ եմ տրանսպորտի թանկացմանը քաղաքացիների համար:

Տրանսպորտի ինքնարժեքի բարձրացման դեպքում քաղաքը պետք է լուծի խնդիրն այնպես, որ քաղաքացիների համար սակագինը չթանկանա:

Հ.Գ. Հարգելիներս միշտ դիտեք տեսանյութը, և մի հավատացեք հոդվածների վերնագրերին:

Հ.Գ.Գ. Համոզված եղեք` ես ձեզանից մեկն եմ և միշտ ձեր կողմից եմ: Շնորհավորանքների համար շատ շնորհակալ եմ»:

Հիշեցնենք, որ լրագրողների հետ զրույցում Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանն ասել էր՝ զավեշտալի է, որ 2013 թվականից ամեն ինչի գինը բարձրացել է, բացի տրանսպորտի գնից։ «Սա զարմանալի է: Այն ժամանակ օբյեկտիվ էր, որ ասում էինք մի՛ թանկացրեք: Այս անգամ, ըստ իս, որ չի թանկանում, դա օբյեկտիվ չի: Նախկին իշխանությունները չէին բարձրացնում՝ վախենալով բողոքի նոր ալիքից»,-ասաց նա:

Քաղաքապետը նշել էր, որ նախ պետք է փոխվի տրանսպորտը, տրանսպորտային միջոցները, հետո նոր պետք է խոսենք այդ մասին:Հայկ Մարությանը նաև նշեց, որ տրանսպորտի թանկացման հարցը ևս պետք է քննարկվի ու որոշվի ժողովրդի հետ: «Մենք ներկայացնելու ենք Երևանի բնակիչներին, ասելու ենք գիտեք՝ տրանսպորտը փոխվեց, հիմա տրանսպորտի ինքնարժեքն այսքան է: Մեր տարբերակը՝ մենք սուբսիդավորենք և քաղաքացիների համար չթանկանա, իսկ սուբսիդավորելը, միևնույնն է,  բայց միևնույնն է, դա գնալու է բյուջեից և ինչ-ինչ հարցեր չեն լուծվելու»,-ասել էր նա:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ