Ռուսական «Независимое военное обозрениe» հանդեսի «Արդյո՞ք Ռուսաստանը Կենտրոնական Ասիայում ֆորպոստի կարիք ունի» խորագրով հոդվածում անդրադարձ է կատարվում Ղրղզստանում ու Տաջիկստանում Ռուսաստանի ռազմական ներկայության լինել-չլինելու հարցին, ինչպես նաև զուգահեռներ անցկացնում ՀՀ-ի և այդ 2 պետությունների բանակների միջև:
Հոդվածի հեղինակը նշում է, որ թեև ՌԴ-ի համար նշանակալի արժեք ունեն Կենտրոնական Ասիայի մի շարք ռազմական օբյեկտներ, սակայն դա չի նշանակում, որ Ռուսաստանն առանց դրանց չի կարող ապրել:
«Իսկ Ղրղզստանն ու Տաջիկստանն առանց մեր ռազմաբազաների չեն կարող ապրել: Բայց հատուկ ուշադրության է արժանի այն, որ ստեղծված իրավիճակում Դուշանբեն ու Բիշքեկը ժամանակ առ ժամանակ Մոսկվային տարբեր պայմաններ են ներկայացնում՝ կապված իրենց տարածքներում ռուսական ռազմաբազաների տեղակայման հետ:
Այս իրավիճակն առավել զարմանալի է, քան Հայաստանում տեղակայված 102-րդ ռազմաբազայի դեպքում: Հայերի շրջանում շատ տարածված վարկած կա այն մասին, որ ռուսական ռազմաբազան իրենց անհրաժեշտ չէ՝ չնայած որ իրականում Հայաստանի գոյությունը կախված է այդ ռազմաբազայից»,- նշում է հոդվածի հեղինակ, Քաղաքական և ռազմական վերլուծության ինստիտուտի փոխտնօրեն Ալեքսանդր Խրամչիխինը՝ ընդգծելով, որ ի տարբերություն Դուշանբեի ու Բիշքեկի՝ պաշտոնական Երևանը բավականին խելացի է վարվում՝ Մոսկվային նախապայմաններ ու պահանջներ չներկայացնելով:
«Եվ Հայաստանը դա անում է այն դեպքում, երբ հայկական բանակն իրենից բավական լուրջ ռազմական ուժ է ներկայացնում: Տաջիկստանի ու Ղրղզստանի բանակները, նույնիսկ միասին վերցված, այնքան հեռու են հայկական բանակից, որքան Լուսնից: Իսկ առանց մեր ռազմաբազաների նրանց կյանքը շատ ավելի կարճ կլինի»,-պնդում է Խրամչիխինը:
Հեղինակը հոդվածում նշում է նաև, որ թեև Տաջիկստանի ու Ղրղզստանի բանակների մարտական պատրաստվածության մակարդակը շատ ցածր է, սակայն այդ երկրների իշխանությունները շարունակում են ինչ-որ բաներ պահանջել Ռուսաստանից ու բողոքներ ներկայացնել:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը