Բելառուսի վարած արտաքին քաղաքականության մի շարք քայլեր նյարդայնացնում են ՌԴ իշխանություններին, «Մոսկվայի համբերությունը հատման եզրին է»: Այսպիսի կարծիք է հայտնել «Коммерсантъ FM»-ի քաղաքական մեկնաբան Դմիտրի Դրիզեն։
Ինչպես նշում է վերլուծաբանը, Մոսկվային ընդհանրապես դուր չի գալիս Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի վարած երկկողմ քաղաքականությունը։ «Մինսկը վարկեր և վերաբերմունք է պահանջում՝ ինչպես ռուսական մարզի հանդեպ, միաժամանակ անկախության և ինքնիշխանության ամբողջական պահպանմամբ», - նշում է փորձագետը:
ՌԴ-ի դժգոհության պատճառներից մեկն էլ Բելառուսի՝ Չինաստանի հետ համատեղ «Պոլոնեզ» համազարկային կրակի ռեակտիվ համակարգերի արտադրությունն է: Այդ զենքից Բելառուսը վաճառել է Ադրբեջանին, ինչը, փորձագետի կարծիքով, հաշվի առնելով ղարաբաղա-ադրբեջանական հակամարտությունը, խախտում է ռազմավարական հավասարակշռությունն ու մրցակցություն ստեղծում ՌԴ-ի համար։
«Այսինքն՝ քիչ է, որ նրանք այդ համակարգերը մարտական հերթապահության են դրել ՌԴ սահմանների մոտ, դեռ մի բան էլ վաճառել են Ադրբեջանին՝ մրցակցություն ստեղծելով ՌԴ-ի համար և խախտելով ռազմավարական հավասարակշռությունը՝ հաշվի առնելով Բաքու-Երևան կոնֆլիկտը: Այսպիսի գործողությունները բարդ է դաշնակցային անվանել», - ասել է Դրիզեն:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը