Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության նախարարների նիստին լրագրողների հետ զրույցում Հայաստանի ԱԳՆ Զոհրաբ Մնացականյանն ասաց՝ շատ հպարտ է, որ անկախ ներքաղաքական զարգացումներից, ապահովվեց քաղաքական կամքը՝ լավագույնս կազմակերպելու Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության գագաթնաժողովը:
Մնացականյանն ընդգծեց, որ ֆրանկոֆոնիայի գագաթաժողովի շրջանակներում Հայաստանի համար կարևոր ուղղություն է աֆրիկյան երկրների հետ կապերի ամրապնդումը. «Այստեղ համագործակցության թեմաներն ու ոգին շատ լավն են և օգտակար են որպես հարթակ օգտագործելու համար, որպեսզի և՛ մենք ճանաչելի դառնանք Աֆրիկայում, և՛ ուսումնասիրենք այն հնարավորությունները, որտեղ մենք, որպես շուկա, կարող ենք ներխուժել: Ֆրանկոֆոնիան առիթ է մեզ համար, թե՛ աֆրիկյան մայրցամաքում ավելի աշխուժություն դրսևորելու, թե՛ ներկա լինելու մայրցամաքում և աշխատելու բոլոր աֆրիկյան երկրների հետ»,-ասաց նախարարը:
Զոհրաբ Մնացականյանը տեղեկացրեց, որ գագաթնաժողովի կարևորագույն արդյունքներից մեկը լինելու է թվային տնտեսությունների համար պատասխանատուների ցանկի ստեղծումը. «Սա կոնկրետ արդյունք է, բայց ցանցը ցանց կմնա, եթե չկարողանանք ավելի կոնկրետ համագործակցություն ի հայտ բերել»:
Հարցին, թե արդյոք գագաթնաժողովի ընթացքում Արցախյան հիմնախնդրի մասին զեկույց-բանաձև լինելու է, նա պատասխանեց. «Կա 6 բանաձև, մի բանաձևը վերաբերում է նման քաղաքական հարցերին, և այնտեղ կտեսնեք ձևակերպում»,- նշեց նա:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը