Գագիկ Ծառուկյանն «Ուրվագիծ» հաղորդաշարի եթերում պատասխանել է ներքաղաքական օրակարգի կարևորագույն հարցերին:
«Մենք պատրաստ ենք, էլի ենք պատրաստ, մենք մեր ժողովրդի հետ եղել ենք, էլի կանք, այնպես չի, որ ուզում ենք խանգարել»,- խոսելով արտահերթ խորհրդարանական ընտրությունների գնալու վերաբերյալ վարչապետի հայտարարությունների մասին՝ հայտնեց ԲՀԿ նախագահը։
Դիտարկմանը, թե վարչապետն ասում է՝ միայն ընտրություններից հետո ներդրումներ կլինեն, Ծառուկյանն արձագանքեց, որ արդեն կան բազմաթիվ ներդրումներ, արևային պանելների, սրբիչի, ՏՏ ոլորտներում և այլն։ «Հիմա, որ ասում են՝ հոսքը կանգ է առել ներդրումների, հիմա հոսքը կանգնել է ոչ թե օրենքի համար…բոլոր պատգամավորներն էլ կողմնակից են ներդրման զարգացմանը, եթե այսօր ճանապարհով 2 մեքենա գնում են, քո գործընկերներն են, կանգնեցնում են, պառկեցնում ասֆալտին, նկարում, ո՞ր մարդը կգա, սովորական մարդին խի են կանգնեցնում։ Այսօր հիմնական խնդիրն այն է, որ պարոն վարչապետն այդ հակահեղափոխական մարդկանց իր թիմում պիտի ման գա»,-ասաց Ծառուկյանը։
Ինչ վերաբերում է դիտարկմանը, թե Նիկոլ Փաշինյանն ու ՔՊ-ականները պնդում են՝ ժողովուրդը դեկտեմբերին է ուզում արտահերթ խորհրդարանական ընտրություններ, ապա ԲՀԿ նախագահն արձագանքեց. «Ժողովուրդն ուզում է դեկտեմբերին, ժողովրդի ցավը տանեմ, եթե ժողովուրդն ուզում է դեկետմբերին, մենք էլ ենք ուզում։ Ես ինչ անում եմ, ժողովրդի համար եմ անում, որ այդ հնարավորությունը, ծանոթությունս օգտագործեմ երկիրը զարգացնելու համար»։
Նա հայտարարեց, որ հանդիպումներ է ունենալու արտախորհրդարանական այն ուժերի հետ, որոնք հանդիպումներ չեն ունեցել ՀՀ երկրորդ և երրորդ նախագահներ Ռոբերտ Քոչարյանի և Սերժ Սարգսյանի հետ։
Ծառուկյանը նշեց, որ ՀՀ երեք նախագահները ԲՀԿ-ի հետ կապ չունեն ու չեն կարող այդ կուսակցության միջոցով գալ քաղաքական դաշտ, ընտրությունների։
Ի պատասխան հարցին, թե նրանք ստիպված են եղել ԱԺ-ում կողմ քվեարկել, չեն աջակցել հեղափոխությանը, հետևաբար նրանց հետ հիմա քննարկելու, կոմպրոմիսի թեմա չկա, Գ. Ծառուկյանը արձագանքեց, որ առաջին իսկ օրվանից հայ ժողովուրդը տեսել է, որ երբ Նիկոլ Փաշինյանը քայլելով հասավ Երևան, քիչ մարդիկ էին մասնակցում այդ հավաքին, իսկ հաջորդ օրն արդեն իսկ մարդկանց թիվն ավելացել է։ «Ես ասում եմ, որ հեղափոխությանը մեքենաներով ջրեր եմ ուղարկել, կարող է դա էլ են ասում, որ չի եղել»։
Բացի այդ Գագիկ Ծառուկյանը հիշեցրեց, որ երբ Ելք խմբակցության պատգամավորներին բերման ենթարկեցին, ինքը կանգնեց նրանց կողքին, իսկ այդ ժամանակ ոչ ոքի մտքով, նույնիսկ Նիկոլ Փաշինյանի մոտքով չէր անցնում, որ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը հրաժարական կտա։
Գագիկ Ծառուկյանի խոսքով՝ ինքը շատ սուր խոսակցություն է ունեցել Ս. Սարգսյանի հետ իր հայտարարությունից հետո, ինչի մասին ինքը տեղեկացրել է իր կուսակից ընկերներին։ «Ես ասել եմ նրան, որ ես ընդդիմադիր եմ, եթե ընդդիմադիր չլինեի, քո կողքին կլինեի, քո կոալիցիայի մեջ կլինեի»,-ընդգծել է Ծառուկյանը։
Նա նաև հավելեց, որ 3 հոգով հեղափոխություն չէին կարող անել։ «Ինքը մենակ 2 հոգով հեղափոխություն արե՞ց, չի կարող լինել այդպիսի բան։ Երբ Սերժ Սարգսյանը մեր հայտարարությունից հետո հրաժարական տվեց, այդ ժամանակ սառույցը կոտրվեց, արդեն հազարավոր ժողովուրդ դուրս եկավ»։ Գագիկ Ծառուկյանը հայտարարեց․ «Ոչ պաշտոն եմ ուզում, ոչ փող, ի՞նչ վատ բան եմ արել իմ ժողովրդին»:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը