03 10 2018

Ի՞նչ երաշխիքներ կարող է խոստանալ ՀԱՊԿ-ն ՀՀ-ին․ 168․am

Ի՞նչ երաշխիքներ կարող է խոստանալ ՀԱՊԿ-ն ՀՀ-ին․ 168․am

«Հայկական կողմն Ադրբեջանի` ՀԱՊԿ-ում դիտորդի կարգավիճակ ստանալու հարցում իր դիրքորոշումը պետք է առաջ մղի»,- այս մասին 168.am–ի հետ զրույցում ասաց եվրոպացի ռազմական փորձագետ Թրեյսի Ջերմանը` անդրադառնալով Ադրբեջանի` ՀԱՊԿ-ում դիտորդի կարգավիճակ ստանալու մասին տեղեկություններին ու դրա վտանգներին:

Թրեյսի Ջերմանի խոսքով՝ անկախ այն հանգամանքից, թե ինչպիսին է ՀԱՊԿ կանոնադրությունը, և ինչպիսի ընթակարգեր են հարկավոր որևէ երկրի դիտորդի կարգավիճակ շնորհելու համար, ընդունված է նման որոշումները կայացնել կոնսենսուսային սկզբունքով՝ չնսեմացնելով անդամ որևէ երկրի ազգային շահերը: «Հայաստանի պարագան շատ ավելի զգայուն է, քանի որ Հայաստանը հակամարտության մեջ է Ադրբեջանի հետ, և անվտանգության սպառնալիքի դեպքում այդ կառույցը կոչված է պաշտպանել, ապահովել Հայաստանի անվտանգությունը:

Զարմանալի իրավիճակ կարող է ստեղծվել այդ կառույցի աշխատանքներին Ադրբեջանի ցանկացած ձևաչափով մասնակցության դեպքում, քանի որ, եթե նախկինում Ադրբեջանն ուներ աջակիցներ այդ կառույցում, ապա, եթե այս հնարավորությունն իրականանա, ապա աջակցությունը նաև Ադրբեջանին կպաշտոնականացվի՝ դժվար իրավիճակ ստեղծելով բոլոր կողմերի, մասնավորապես՝ Հայաստանի համար: Ադրբեջանի տեսանկյունից հասկանալի է ՀԱՊԿ-ին ինչ-որ ձևաչափով միանալու ցանկությունը, քանի որ դա հնարավորություն կտա մեծ զեղչերով ձեռք բերել սպառազինություն Ռուսաստանից, նույն սպառազինությունն Ադրբեջանը ներկայումս գնում է շուկայական գներով:

Խոսքը միլիոնավոր դոլարների մասին է, շարունակական գործարքների, ուստի սա առաջին հերթին՝ շահավետ է Ադրբեջանի համար: Երկրորդ հերթին` քաղաքականապես նպատակահարմար, քանի որ թույլ կտա ինչ-որ կերպ մասնակից լինել ՀԱՊԿ աշխատանքներին և մեծացնել ազդեցությունն ընդունվող որոշումների վրա: Հայաստանի տեսանկյունից անընդունելի է, այդ ընկալումը, որքան ես հասկանում եմ՝ կա, բայց ի՚՞նչ լծակներ կան ընդդիմանալու, պայքարելու այդ որոշման դեմ:

Եթե հայկական կողմը հայտարարել է, որ չի լինելու կոնսենսուս այս հարցում, օգտագործելու է իր վետոյի իրավունքը, ապա դա պետք է անի, որքան հնարավոր է՝ պետք է իր դիրքորոշումն առաջ մղի, եթե փոխի իր դիրքորոշումն ինչ-ինչ գործոնների ազդեցության ներքո, դա ՀՀ միջազգային հեղինակությանը մեծ հարված կլինի, քանի որ տարբեր մակարդակներով ՀՀ իշխանությունները պնդել են, որ դեմ են լինելու, քանի որ դա չի բխում ՀՀ ազգային անվտանգության շահերից, և այն դեպքում, երբ ՀԱՊԿ-ն, ըստ էության, ՀՀ անվտանգության երաշխավորն է:

Ռուսաստանի տեսանկյունից ընդհանրապես նման կառույցների ընդլայնումն օգտակար է, առավել օգտակար կարող է դիտարկվել Ադրբեջանի դեպքում՝ հաշվի առնելով այն զարգացումները, որոնք վերջերս գրանցվեցին ռուս-ադրբեջանական հարաբերություններում` հարաբերությունները խորանում են բոլոր ոլորտներում, այդ թվում՝ ռազմատեխնիկական համագործակցության, ինչը, բնականաբար, մղում է կողմերին՝ օգտագործել այն հնարավորությունները՝ երկկողմ հարաբերություններում այդ համագործակցությունն էլ ավելի շահավետ և երկարատև դարձնելու համար»,- ասաց Ջերմանը:

Նյութն ամբողջությամբ կարդացեք 168․am-ում։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ