03 10 2018

Հարց Նիկոլ Փաշինյանին՝ կերպարանափոխության մասին

Հարց Նիկոլ Փաշինյանին՝ կերպարանափոխության մասին

Հոկտեմբերի 3-ին ԱԺ-Կառավարություն հարցուպատասխանին Ալեն Սիմոնյանի հարցին, թե կա՞ն բանակցություններ «Ծառուկյան» դաշինքի, ՀՀԿ-ի և ՀՅԴ-ի հետ վարչապետի թեկնածու չառաջադրելու հետ կապված, լինելո՞ւ է փաստաթուղթ, թե՝ ոչ, Նիկոլ Փաշինյանը պատասխանեց.

«Երեկ հանդիպման ընթացքում ես ասել եմ, որ դեկտեմբերին ՀՀ-ում պետք է տեղի ունենա արտահերթ Խորհրդարանական ընտրությունններ և ասել եմ մեխանիզմի մասին: ՀՀԿ, «Ծառուկյան» դաշինք խմբակցության ներկայացուցիչներն ասել են, որ պաշտոնը թափուր մնալու դեպքում չեն պատրաստում թեկնածու առաջադրել: Կարծում եմ, որ մեր գործընկերները հստակ արձանագրել են այն քաղաքական իրավիճակը, որն այսօր առկա է երկրում և կարծում եմ, որ խելամտությունը ստիպում է, որ երկրորդ մայիսի 1 անելու գայթակղությանը տրվելը անտեղի և ավելնորդ կլինի:

Այսօր մամուլում որոշակի հրապարակումներ կան, որոնց տրամաբանությունը առնվազն նույնական է իմ նշած բովանդակության հետ և ես դա մեծ խնդիր չեմ հանմարում: Համենայն դեպս, ՀՀ քաղաքացիների և մեր համար, կարծում եմ, խնդիրներ առաջանում են և կառաջանան նման հայտարարություններ անողների համար: Որովհետև 2018 թվականի մայիսի 1-ին ես այս ամբիոնից էլ ազդարարեցի քաղաքական որոշ ուժերի ինքնասպանություն գործելու մասին և կարող եմ ասել, որ ցավալիորեն ինքնասպանությունների շարքը շարունակվում է: Դաշնակցության ներկայացուցիչն էլ ասվածի հետ համաձայնվեց»:

Դաշնակցական պատգամավոր Արմենուհի Կյուրեղյանը ՀՀ վարչապետին հարց ուղղեց վերջինիս կերպարանափոխության մասին․ «Մաթեմատիկական տրամաբանության մեջ հայտնի են խնդիրներ, պարադոքսներ, որոնց համար հնարավոր չէ ապացուցել թե լուծելիությունը, թե անլուծելիությունը: Տարածված պարադոքս խնդիրներից է ստախոսի խնդիրը, վարսավիրի խնդիրը։ Ներկայացնեմ Վարսավիրի խնդիրը․ գյուղում ապրում է մի վարսավիր, ով սափրում է այդ գյուղում ապրող այն գյուղացիներին, որոնք իրենք իրենց չեն սափրում: Հիմա հարց՝ այդ վարսավիրն ինքն իրեն սափրում է, թե ոչ: Եթե վարսավիրն ինքն իրեն սափրում է, ապա ըստ կանոնի, ինքն իրեն չպետք է սափրի: Եթե վարսավիրն ինքն իրեն չի սափրում, ապա ըստ կանոնի ինքն իրեն պետք է սափրի: Ստացվում է հակասություն:

Նման հակասության խնդիր ես ինձ համար արձանագրեցի Երեւանի ավագանու ընտրություններին, երբ Դավիթաշենում «Իմ քայլը» դաշինքի հանրահավաքում ելույթ էր ունենում Նիկոլ Փաշինյանը: Եթե նա ելույթ էր ունենում որպես վարչապետ, արդյոք դա դիրքի չարաշահում չէր, իսկ եթե ելույթ էր ունենում որպես ՔՊ նախագահ, ապա ինչպես էր նա այդ հարթակից հրահանգ իջեցնում ԱԱԾ-ին, ոստիկանությանը՝ «ասֆալտին պառկեցնել» օլիգարխների թիկնազորներին»,- ասաց պատգամավորը:

Փաշինյանը պատասխանեց․ «Ես պարզապես Նիկոլ Փաշինյանն էի: Հայաստանում կան քաղաքական ուժեր որոնք ավելի հաճախ են կերպարանափոխվում, ավելի մեծ ամպլիտուդներով, իսկ ընդհանուր առմամբ կարող եմ ասել, որ ես սովորաբար իմ դիրքորոշումներում, ասելիքներում ու անելիքներում լինել համարժեք: Ես հիմա էլ եմ Նիկոլ Փաշինյանը, շատ բաներ կան, որ ասում եմ նաև հանրահավաքում, գուցե նաև մի փոքր բարձր, որպեսզի վերջին շարքերում լսելի լինի,իսկ քանի որ ԱԺ շարքերը նոսր են և գնալով նոսրանում են, այդ հանգամանքը թույլ է տալիս ինձ, նաև այսպես պատասխանել ձեր հարցին: Իսկ ինչ վերաբերվում եմ իմ ելույթին, այնտեղ որտեղ ես խոսել եմ որպես վարչապետ, խոսել եմ, որպես վարչապետ, և այն ինչ ես խոսել եմ որպես վարչապետ չի վերաբերվել նախընտրական քարոզչությանը, ինչ վերաբերվում է նախընտրական քարոզչությանը ես խոսել եմ որպես մի մարդ, որը իրավունք ունի խոսել»

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ