Աշխատանքային այցով ԱՄՆ-ում գտնվող նախագահ Արմեն Սարգսյանը ուշադրությամբ հետևում է Հայաստանում տեղի ունեցող իրադարձություններին։
Այս մասին տեղեկանում ենք Հանրապետության նախագահի աշխատակազմի հասարակայնության հետ կապերի վարչությունից:
«Հանրապետության նախագահը հեռախոսազրույցներ է ունեցել վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Ազգային ժողովի նախագահ Արա Բաբլոյանի հետ և քննարկել ստեղծված իրավիճակը։
ԱԺ-ի կողմից ընդունված «Ազգային Ժողովի կանոնակարգ» Հայաստանի Հանրապետության սահմանադրական օրենքում փոփոխություն կատարելու մասին» օրենքի նախագծին նախագահ Սարգսյանը կանդրադառնա Երևան վերադառնալուն պես՝ նախաձեռնելով խորհրդակցություններ կառավարության և Ազգային ժողովի ղեկավարության հետ:
Նախագահը հորդորում է լինել զուսպ և հանդուրժողական միմյանց հանդեպ և համոզված է, որ ստեղծված իրավիճակը հնարավոր է և պետք է հանգուցալուծել Սահմանադրության և օրենքների շրջանակում՝ բանակցության և երկխոսության ճանապարհով:
Միացյալ Նահանգներից Հանրապետության նախագահը կմեկնի Փարիզ՝ մասնակցելու աշխարհահռչակ շանսոնյե Շառլ Ազնավուրի հոգեհանգստի և հուղարկավորության արարողություններին»:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը