01 10 2018

Նիկոլ Փաշինյանը և Վահրամ Բաղդասարյանը քննարկել են խորհրդարանական ընտրությունների հարցը

Նիկոլ Փաշինյանը և Վահրամ Բաղդասարյանը քննարկել են խորհրդարանական ընտրությունների հարցը

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը և ԱԺ ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանը հանդիպել են՝ քննարկելու արտահերթ խորհրդարանական ընտրությունների կազմակերպման հարցը։ Հանդիպումը տեղի է ունեցել «Մարիոթ Արմենիա» հյուրանոցի բացօթյա սրճարանում:

Ավելի վաղ վարչապետը հայտարարել էր, որ հոկտեմբերի մեկից սկսում է հանդիպումներն Ազգային ժողովի խմբակցությունների հետ՝ քննարկելու արտահերթ խորհրդարանական ընտրություններ կազմակերպելու հարցը և որ առաջինը հանդիպելու է ԱԺ ՀՀԿ խմբակցության ղեկավարի հետ։

Հանդիպումից հետո Նիկոլ Փաշինյանը լրագրողների հետ զրույցում մանրամասներ է ներկայացրել: «Մենք մտքեր փոխանակեցինք հարցի վերաբերյալ և պայմանավորվեցինք, որ բանակցային գործընթաց սկսվի: Մենք կարծում ենք, որ հնարավորինս արագ պետք է տեղի ունենան ընտրություններ՝ երկու-երեք ամսվա ընթացքում»,- ասաց նա:

Փաշինյանը նշեց, որ ինքը հայտնում է իրենց դիրքորոշումը, իսկ ՀՀԿ-ն կհայտնի իր դիրքորոշումը: «Մի փաստարկ կա, որ մամուլում ևս շրջանառվում է, թե խորհրդարանում կարող է նույն  արդյունքը լինել, ինչպես ավագանու ընտրություններին՝  80 տոկոս ձայն հավաքեն, և նույն պատկերը կրկնվի: Այդպիսի բան չի կարող լինել, քանի որ Սահմանադրությամբ պատգամավորների մեկ երրորդը պետք է լինի ընդդիմադիր, այսինքն՝ ինչ արդյունք էլ գրանցվի, ապագա խորհրդարանում ընդդիմության ներկայացվածությանը պակաս չի լինի, քան այսօր է, բայց փոխարենը կլինի մեծամասնություն, որը կկարողանա զբաղվել երկրի օրակարգի հարցերով»,- նշեց վարչապետը։ 

«Եթե նույնիսկ երկրորդ քաղաքական ուժը հինգ տոկոս հավաքի՝ բոնուսով լինելու է ԱԺ մեկ երրորդի չափով և ունենալու է երաշխիքներ: Այսօր գործող կարգավորումները երաշխավորում են, որ ԱԺ–ի մեկ երրորդը պետք է ընդդիմադիր լինի, դա նշանակում է՝ 31 հոգի ընդդիմադիր պետք է լինի»,- ասաց նա՝ հավելելով, որ այս պահին Հանրապետականները, ըստ էության, մեծ հաշվով հրապարակայնորեն հայտարարում են, որ խորհրդարանական ընտրությունները 2022 թվականին պետք է տեղի ունենան, և ըստ նրա՝ դա ոչ կառուցողական մոտեցում է:

Նիկոլ Փաշինյանը նշեց, որ թիվ մեկ հարցը խորհրդարանական ընտրություններն են, առանց այդ հարցի լուծման ուրիշ ոչ մի հարց երկրում չի լուծվի: «Բոլորը շունչները պահած սպասում են արտահերթ խորհրդարանական ընտրություններին, և եթե որևէ քաղաքական ուժ դիմադրում է այս պրոցեսին, նշանակում է, որ ցանկանում է՝ ժողովուրդը շունչը պահած շարունակի մնալ»,- ասաց Փաշինյանը՝ ընդգծելով, որ հանդիպումից գոհ ու դժգոհի խնդիր չկա, բոլոր խմբակցությունների ղեկավարների հետ հանդիպելու է, և ըստ անհրաժեշտության արտախորհրդարանական ուժերի հետ ևս կհանդիպեն:

«Երկու տարբերակ կա. մեկն այն է, որ Սահմանադրական փոփոխություններ ենք ընդունում, մյուսն այն է ,որ համաձայնություն ենք ստորագրում, որ վարչապետը հրաժարական է տալիս, քաղաքական ուժերը երկու անգամ վարչապետի թեկնածու չեն առաջադրում, և տեղի են ունենում արտահերթ խորհրդարանական ընտրություններ»,- նշեց վարչապետը՝ հավելելով, որ երկու տարբերակներն էլ իրենց առավելությունները և ռիսկերը ունեն: Փաշինյանը նաև նշեց՝ այժմ հնարավոր չէ իրենց հետ կայացրած որևէ պայմանավորվածություն խախտել, քանի որ վստահությունը ժողովուրդն է:

Վահրամ Բաղդասարյանն իր հերթին դրական համարեց պայմանավորվածությունները, թե ինչ ֆորմատով հանդիպումները կշարունակվեն, նաև այլ խմբակցությունների հետ հանդիպումներ կլինեն: Ըստ Բաղդասարյանի՝ պետք է Սահմանադրական ճանապարհով պետք է գնալ: Ինչ վերաբերում է Սահմանադրական փոփոխություններին կողմ լինելուն, ապա Վահրամ Բաղդասարյանը նշեց, որ եթե անհրաժեշտություն լինի, և դա միտված լինի երկրի զարգացմանը, ապա դրան չեն կարող կողմ չլինել։

«Մենք պետք է այնպիսի խորհրդարան ձևավորենք, որտեղ լինի իրական ընդդիմություն, դրա համար ժամանակ է պետք, որ քաղաքական ուժերը կարողանան նախապատրաստվել»,-ասաց նա՝ նշելով, որ դեռ պետք է ընտրական փոփոխությունները քննարկեն, և շուտափույթ կազմակերպման դեպքում քաղաքական ուժերը հնարավորություն չեն ունենա նախապատրաստվելու ընտրություններին:

«Պետք է հնարավորություն և ժամանակ տրվի քաղաքական ուժերին, որ նախապատրաստվեն նոր ընտրություններին»,- ասաց նա և նշեց, որ եթե քննարկման արդյունքում լինի անհրաժեշտություն՝ այդ ճանապարհով կգնան:

Հարցին՝ մտավախություն չունի, որ ժողովուրդը դուրս կգա փողոց, Վահրամ Բաղդասարյանն ասաց, որ այդ ամբողջ պատասխանատվությունը իշխանությունն է կրում: «Փողոց դուրս գալով պառլամենտ չեն ձևավորում»,- ասաց նա:

ՀՀԿ խմբակցության ղեկավարը նշեց՝ իրենց քայլերը լինելու են ընտրություններին նախապատրաստվելը. հերթական թե արտահերթ՝ բանակցությունները ցույց կտան: «Մենք լիարժեք քաղաքական պառլամենտ պետք է ունենանք, որ իշխանությանը հարիր ընդդիմություն ձևավորվի, և դրա համար ժամանակ է պետք, և ոչ թե ոգևորության, այլ ճիշտ գնահատականների արդյունքում խորհրդարան պետք է ձևավորվի»,- ասաց նա:

Վահրամ Բաղդասարյանը քննարկումների մեկնարկը հաջող համարեց՝ նշելով, որ առաջարկություն չեն արել և եկել են համաձայնության հետագա հանդիպումների շուրջ: Մանրամասների վերաբերյալ նա նշեց, որ դա իր և վարչապետի գաղտնիքը թող մնա, քանի որ քննարկումները չեն ավարտել: Նա ընդգծեց, որ ինքը բանակցում էր ողջ խմբակցության անունից։

Հարցին, թե ինչ կանի ՀՀԿ-ն, եթե ԱԺ մնացած բոլոր ուժերը կողմ լինեն խորհրդարանը ցրելուն և նոր ընտրություններ անցկացնելուն, Վահրամ Բաղդասարյանը պատասխանեց. «Այ, երբ նման որոշում լինի, դա նույնպես քննարկման առարկա կլինի»։ Նա եւս մեկ անգամ ընդգծեց, որ բանակցությունների թեման խորհրդարանական ընտրությունների ժամկետներն են, քանի դեռ ժամկետը որոշված չէ, իրենք չեն կարող ասել, թե ինչպիսին կլինեն դրանք։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ