Կենտրոնական ընտրական հանձնաժողովն մերժեց «Բարգավաճ Հայաստան» կուսակցության լիազոր ներկայացուցիչ Ռուբեն Մանուկյանի դիմումը՝ ընդդեմ «Անկախ դիտորդ»-ի ներկայացուցիչ Դանիել Իոննիսյանի:
ԲՀԿ–ն դիմել էր Կենտրոնական ընտրական հանձնաժողովին՝ պահանջելով վարույթ հարուցել այն բանի համար, որ «Անկախ դիտորդ» կազմակերպության ներկայացուցիչ Դանիել Իոաննիսյանը սեպտեմբերի 22–ին՝ Երեւանի քաղաքապետի ընտրությունների նախորդ օրը (լռության օրը) ասուլիս է հրավիրել և հակաքարոզչություն իրականացրել՝ խախտելով օրենքը։ Իոաննիսյանը մասնավորապես հայտարարել էր, որ ԲՀԿ-ի կազմակերպած ֆլեշմոբի մասնակիցներին փող է բաժանվել, որի վերաբերյալ ինքն ունի ապացույցներ:
«Լսումների ժամանակ պարզ դարձավ կողմերի տարբեր դիրքորոշումները նախընտրական քարոզչության սահմանների վերաբերյալ: Անհրաժեշտ եղավ հստակ սահմանագիծ գծել քարոզչության եւ տեղեկատվության տրամադրման վերաբերյալ»,-ասաց ԿԸՀ նախագահ Տիգրան Մուկուչյանը:
Նա նշեց, որ «լռության օրը» ասուլիսի ժամանակ հնչեցվել էր քաղաքական ուժի անվանումը, ներկայացվել էին որոշակի հանգամանքներ, սակայն չէին հնչեցվել տվյալ ուժին կողմ կամ դեմ քվեարկելուն ուղղված ուղղակի կոչեր:
«Ըստ դիմումատուի տեղի էր ունեցել քարոզչություն ԲՀԿ-ի դեմ, իսկ ըստ Դանիել Իոաննիսյանի նշվածը եղել է բացառապես տեղեկատվության տրամադրում:
Միջազգային չափանիշներից ելնելով այն սկզբունքը, ըստ որի նախընտրական քարոզարշավը պետք է լինի ազնիվ և արդար, չի կարող մեկնաբանվել այնքան լայն, որ բացառվի խոսքի ազատության եւ տեղեկատվություն ստանալու իրավունքի իրականացումը:
ԿԸՀ-ն գտնում է, որ թեկնածուների անունների հնչեցմամբ կամ նրանց վերաբերյալ որոշակի տեղեկատվության տրամադրումը որպես նրանց օգտին կողմ կամ դեմ քարոզչության իրականացման միանշանակ ընկալում չունի: Նշվածը պայմանավորված է նախընտրական քարոզչության եզրույթի ոչ լիակատար օրենսդրական սահմանման, որն էլ հանգեցրել է թույլատրելի եւ անթույլատրելի իրավական վարքագծերիի սահմանագծերի ոչ միանշանակության:
ՀՀ Սահմանադրության 70 հոդվածի համաձայն, Ընտրական օրենսգրքի կարգավորումներում հստակ սահմանված չեն գործողությունները, որոնց կատարումը կարող է որակվել որպես նախընտրական քարոզչություն: Ավելին, ԿԸՀ-ն փաստում է, որ Ընտրական օրենսգրքում բավարար հստակությամբ սահմանված չեն այն սկզբունքները, որոնց կիրառումով հնարավոր կլիներ բավարար հստակությամբ որոշել նախընտրական քարոզչության եւ տեղեկատվության տրամադրման սահմանները:
Քանի որ այս դեպքում անհնար է ձեւավորել միատեսակ մոտեցում եւ գնահատական, որ Իոաննիսյանի խոսքը քարոզչություն է, թե տեղեկատվության տրամադրում, ԿԸՀ-ն գտնում է, որ Վարչական դատավարության օրենսգրքի կանոնակարգումներին համապատասխան Վարչական դատարան հայցադիմում ներկայացվել չի կարող:
ԿԸՀ-ն հիմք ընդունելով այն հանգամանքը, որ նման պայմաններում դիմումատուն ունի նաեւ հայցադիմում ներկայացնելու իրավունք անկախ ԿԸՀ-ի կողմից համապատասխան արձանագրություն կազմված լինել-չլինելու, գտնում է, որ նշված իրավական որոշմամբ պայմանավորված չի ոտնահարվում դիմումատուի արդար դատաքննության իրավունքը»,-հայտարարեց ԿԸՀ նախագահը:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը