29 09 2018

Ալիևն ասելիք ուներ, Փաշինյանը՝ լսելիք. ԱՊՀ գագաթնաժողովի գլխավոր պահը

Ալիևն ասելիք ուներ, Փաշինյանը՝ լսելիք. ԱՊՀ գագաթնաժողովի գլխավոր պահը

Սեպտեմբերի 28-ին Դուշանբեում տեղի ունեցած ԱՊՀ գագաթնաժողովի գլխավոր իրադարձությունն այն մի քանի րոպեներն էին, որոնք միասին անցկացրին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ու Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը՝ լուսանկարվելու արարողությանը գնալիս: Այս կարծիքին է ռուսական «Կոմերսանտ» պարբերականի հատուկ թղթակից Անդրեյ Կոլեսնիկովը։ Նա գրում է՝ գագաթնաժողովում բոլորը յուրային են, բոլորը բոլորին ճանաչում են: Ըստ հոդվածագրի՝ միգուցե նրանք դեռևս չեն ընտելացել ՀՀ նոր վարչապետին, սակայն նա էլ նրանց մեջ այդքան օտար չէր թվում։

«Երբ ԱՊՀ երկրների ղեկավարները գնում էին լուսանկարվելու, առջևից Ռուսաստանի, Տաջիկստանի և Ղազախստանի նախագահներն էին։ ՀՀ վարչապետը նրանց հետևեց հեռավորության վրա: Այդ ընթացքում Իլհամ Ալիևը քայլելով հասավ Նիկոլ Փաշինյանին, և ղեկավարները սկսեցին զրուցել ոչ այն պատճառով, որ պարզապես կողք կողքի լուռ քայլելն անհարմար էր, այլ այն պատճառով, որ Իլհամ Ալիևն ասելիք ուներ, իսկ Փաշինյանը՝ լսելիք»,- գրում է Կոլեսնիկովը՝ հավելելով․ «Նրանք այնքան էին տարվել խոսելով, որ անգամ արարողության ժամանակ այբբենական կարգով կողք կողքի կանգնելուց հետո էլ շարունակել են զրուցել»։

Ինչպես նշում է հոդվածագիրը, այդ մի քանի րոպեի ընթացքում կարելի է ավելի շատ բանի մասին պայմանավորվել, քան 1.5 ժամ տևող երկկողմ պաշտոնական հանդիպման ժամանակ, որը, ի դեպ, միգուցե սարերի հետևում չէ:

Իսկ գագաթնաժողովից հետո Փաշինյանը մոտեցել է Վլադիմիր Պուտինին, և նրանք 5-6 րոպե ինչ-որ բան են քննարկել դեմառդեմ: Ի դեպ, Պուտինն ավելի տարված է եղել զրույցով, քան ՀՀ վարչապետը, նշում է հոդվածի հեղինակը։

«Տեսնենք, թե հետո ինչ կլինի»,-եզրաձակում  է Անդրեյ Կոլեսնիկովը:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ