ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ Իգոր Պոպովը (Ռուսաստան), Ստեֆան Վիսկոնտին (Ֆրանսիա) և Էնդրյու Շոֆերը (ԱՄՆ) սեպտեմբերի 25-27-ը ՄԱԿ-ի Գլխավոր վեհաժողովի շրջանակերում առանձին-առանձին և համատեղ հանդիպումներ են անցկացրել Հայաստանի ԱԳ նախարար Զահրաբ Մնացականյանի և Ադրբեջանի ԱԳ նախարար Էլմար Մամեդյարովի հետ:
Համանախագահների հետ հանդիպմանը մասնակցել է նաև ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրշիկը: Այս մասին նշվում է ԵԱՀԿ հայտարարության մեջ։
Նախարարները բանակցել են Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորման հարցի շուրջ: Համանախագահները և նախարարները քննարկել են տարածաշրջանում տիրող իրավիճակը և խնդրել պարզաբանում մտցնել մտահոգություն առաջացնող վերջին միջադեպերի և հայտարարությունների վերաբերյալ:
Համանախագահները խոր ափսոսանք են հայտնել շարունակվող և անտեղի մահվան դեպքերի առնչությամբ: Նրանք զգուշացրել են նախարարներին իրավիճակի սրման վտանգների մասին, կողմերին կոչ են արել կառուցողականորեն մասնակցել դրական միջավայրի հաստատմանը և խուսափել սադրիչ հռետորաբանությունից:
Համանախագահներն ընդգծել են, որ համապարփակ կարգավորումը զիջումներ է պահանջում բոլոր կողմերից: Այս համատեքստում նախարարները հաստատել են բանակցային գործընթացն ակտիվացնելու ուղղությամբ միջոցներ ձեռնարկելու և լարվածությունը նվազեցնելու համար հավելյալ քայլեր անելու կարևորությունը: Նախարարները պայմանավորվել են կրկին հանդիպել մինչև տարեվերջ: Համանախագահները ծրագրում են տարածաշրջան այցելել մոտ ապագայում, որից հետո ԵԱՀԿ Մինսկի խմբին և Մշտական խորհրդին կզեկուցեն բանակցությունների ընթացքի մասին
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը