168.am-ի զրուցակիցն է Քաղաքական և միջազգային հետազոտությունների հայկական կենտրոնի տնօրեն, քաղաքական վերլուծաբան Աղասի Ենոքյանը
– Երևանում տեղի ունեցած ավագանու ընտրություններից հետո, երբ պարզ դարձավ, որ իշխանական «Իմ քայլը» դաշինքն ունի ընտրությանը մասնակցած քաղաքացիների գրեթե 82 %-ի աջակցությունը, հետագա ներքաղաքական զարգացումների վերաբերյալ տարբեր կարծիքներ սկսեցին շրջանառվել: Մի խումբ կարծիքների համաձայն՝ այս ընտրություններին նման արդյունքը մանդատ էր քաղաքացիների կողմից հեղափոխական ուժին՝ լուծարել ԱԺ-ն և կազմակերպել արտահերթ խորհրդարանական ընտրություններ: Մյուս պնդման համաձայն՝ ընտրությունները նման արդյունքներով բացահայտեցին քաղաքական համակարգի անառողջ բնույթը, կանխատեսելով քաղաքական, սահմանադրական ճգնաժամ ԱԺ արտահերթ ընտրությունների կազմակերպման ընթացքում, եթե այն տեղի ունենա ԱԺ լուծարման ճանապարհով: Դուք ի՞նչ կարծիք ունեք ստեղծված իրավիճակի մասին, և ի՞նչ արտացոլեցին այս ընտրությունները:
– Այս ընտրություններն արտացոլեցին, որ «Իմ քայլը» դաշինքը կամ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը Երևանում ունի շատ մեծ թվով ընտրողներ, և նրանք իրենց ձայնը տվեցին ավագանիում այդ կուսակցության ներկայացուցիչներն ունենալու օգտին: Չեմ կարող պնդել, որ սա մանդատ, իրավունք է տալիս ցրել Ազգային ժողովը, որովհետև այն բոլորովին այլ մարմին է: Ես բացարձակ չեմ հասկանում, թե ինչու է անհրաժեշտ ցրել Ազգային ժողովը: Սա շատ կարևոր հարց է, որը մինչ այժմ չի քննարկվում, բոլորին թվում է (որովհետև այդպես է ներկայացվում), թե ԱԺ-ն ցրելը կարևորագույն հարց է իշխանությունն ամբողջացնելու կամ իշխանափոխության երկրորդ փուլն իրականացնելու համար, մինչդեռ կան շատ ավելի կարևոր հարցեր, որոնք կարելի էր անել այս ընթացքում՝ առանց ԱԺ-ն ցրելու: Խոսքը, մասնավորապես, վերաբերում է տնտեսական բարեփոխումներին: Ընդունված է կարծել, որ այս ԱԺ-ն խոչընդոտելու է տնտեսական բարեփոխումներին, ինչն ընդհանրապես անհեթեթ եմ համարում, որովհետև նախ՝ դեռ փորձ չի արվել տնտեսական որևէ օրենք մտցնել ԱԺ, որն այս ԱԺ-ն կբոյկոտի: Երկրորդ՝ եթե այս ԱԺ-ն բաղկացած է օլիգարխներից, որոնք տնտեսության մեջ են գործում, ապա նրանք ուրախ կլինեն, եթե ընդունվեն ավելի հարմար օրենքներ իրենց գործունեության համար:
Շատ է խոսվում նաև այն մասին, որ այս ԱԺ-ն կխոչընդոտի կոռուպցիայի դեմ պայքարին, որովհետև մենք տեսնում ենք, որ կոռուպցիայի դեմ համակարգային պայքար չկա, բայց տեսնում ենք, որ կան բազմաթիվ ձերբակալված` հետո բաց թողնված և տարբեր պատմություններով անցած օլիգարխներ:
Կրկին ենթադրվում է, որ նախկին իշխանությունների հետ կապված պատգամավորները կխոչընդոտեն օրենսդրական փոփոխություններին, որոնք միտված են կոռուպցիայի վերացմանը:
Բայց եկեք հասկանանք, որ կոռուպցիան իշխանության հետ կապի մասին է, իշխանությունը հիմա Նիկոլ Փաշինյանի իշխանությունն է, կրկին անհասկանալի է, թե ինչու նրանք պետք է խոչընդոտեն Նիկոլ Փաշինյանի իշխանության կոռուպցիայի վերացմանը, ինչու պետք է նրանք աջակցեն այս իշխանության կոռուպցիային` խոչընդոտելով վերացմանը: Այսինքն` այս ուղղությամբ ևս ես խնդիրներ չեմ տեսնում:
Մյուս կողմից, իհարկե, հասկանալի է նաև, որ ներկայիս ԱԺ-ն չի արտահայտում երկրում եղած քաղաքական ուժերի դասավորությունը, բայց ԱԺ-ն ցրելը կհանգեցնի շատ լուրջ ներքաղաքական ճգնաժամի: Ես կարծում եմ, որ ցրելը, հետո նոր ընտրությունները կառաջացնեն շատ լուրջ ճգնաժամ, որի նախադրյալները մենք արդեն տեսանք այս ընտրությունների ժամանակ: Տեսանք, թե քաղաքական ուժերի միջև ինչպիսի թշնամանք գնաց` քաղաքը բաժանվեց «սևի և սպիտակի», ըստ էության, հանրապետությունը բաժանվեց «սևի և սպիտակի»: Ես վախենամ, որ ԱԺ արտահերթ ընտրությունների շուրջ ճգնաժամային երևույթները երկրում է՛լ ավելի խորանան: Ուստի չեմ հասկանում, թե ինչու է անհրաժեշտ ցրել ԱԺ-ն` դրանով իսկ հետաձգելով կոռուպցիայի դեմ պայքարը, տնտեսական բարեփոխումները: Այս բոլորը, ինձ թվում է՝ արդեն արհեստականորեն են կապվում, տրամաբանական կապ չեմ տեսնում:
– Իսկ որքա՞ն է հնարավոր հետաձգել այս հարցը: Մեկ այլ կարծիք էլ կա, որ Փաշինյանը պետք է շտապի, քանի որ հանրային աջակցության մակարդակը կարող է անկում ապրել, քանի որ Կառավարության համար հեշտ չի լինելու կարճ ժամանակահատվածում արդյունք ցույց տալ` դրանով իսկ որոշակիորեն բավարարելով հասարակական սպասումները:
– Այո, նման կարծիքներ ևս շատ են հնչում: Նախ՝ տնտեսական բարեփոխումների համար, թեկուզ՝ ներկայիս վիճակում, բավարար է Կառավարության որոշումների մակարդակը, այսինքն` ամենևին պետք չեն օրենսդրական փոփոխություններ դրա համար, և երկրորդ, ինչպես նշեցի, տնտեսական բարեփոխումների համար ԱԺ-ն բացարձակ խոչընդոտ չէ: Թող մեկ փորձ արվի Կառավարության կողմից և տնտեսական բարեփոխումների որևէ փաթեթ ներկայացվի, ու տեսնենք՝ արդյոք ներկայիս ԱԺ-ն կխոչտընդոտի՞ դրան, թե՞ ոչ:
Սխալ կանխատեսումների վրա հիմնված դատողություններ են, թե ԱԺ-ն խոչընդոտելու է: ԱԺ գոյությունը չի խոչընդոտելու, դա մի մարմին է, որ այսօր չի արտահայտում բնակչության իրական քաղաքական նախասիրությունը, բայց դրան ձեռք տալը բերելու է ծանր իրավիճակի:
Նույնը վերաբերում էր Քոչարյանի ձերբակալության որոշմանը: Քոչարյանը ոչ ոքի չէր խանգարում, նրան կարելի էր ձերբակալել շատ ավելի ուշ՝ շատ ավելի լավ ապացույցներ հավաքելուց հետո: Շտապողականությունը հանգեցրեց ճգնաժամի այս հարցի շուրջ:
Նյութն ամբողջությամբ կարդացեք 168․am-ում։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը