2018 թ. սեպտեմբերի 23-ին Երևան քաղաքի ավագանու ընտրությունների քվեարկության օրը «Անկախ դիտորդ» հասարակական դաշինքը կարճաժամկետ դիտորդական առաքելություն է իրականացրել Երևան քաղաքի 95 ընտրական տեղամասերում և բոլոր 10 Տարածքային ընտրական հանձնաժողովներում:
Միաժամանակ ընտրական տեղամասերից դուրս իրավիճակն ուսումնասիրելու, ինչպես նաև առանձին դիտարկվող տեղամասերում առաջացող խնդիրների կանխման և լուծման նպատակով գործել են 17 դիտորդական շրջիկ խմբեր: Առաքելության մեջ ներգրավված է եղել շուրջ 230 դիտորդ:
Քվեարկության օրը լրագրողների, դիտորդների և ընտրական գործընթացի մյուս մասնակիցների նկատմամբ բռնության դեպքեր դիտարկված տեղամասերում չեն գրանցվել:
Ամփոփելով դիտարկման նախնական արդյունքները՝ «Անկախ դիտորդ» դաշինքն արձանագրել է․
1. Քվեարկությունը տեղի է ունեցել ցածր, բայց ազատ մասնակցության պայմաններում:
2. Ի տարբերություն Երևանի ավագանու նախորդ ընտրությունների՝ հասարակական կազմակերպությունների անունից որպես դիտորդ հանդես եկող, սակայն՝ թեկնածուների շահերը ներկայացնող անձինք չեն նկատվել, սակայն մի քանի տեղամասերում նկատվել է մեկ չհավատարմագրված լրատվամիջոց` Պրեսս N9:
3. Նախընտրական քարոզչության ընթացքում բացահայտված խախտումների և չարաշահումների վերացման ուղղությամբ իրավասու մարմինները՝ ՀՀ Կենտրոնական ընտրական հանձնաժողովը, ՀՀ Ոստիկանությունը, այլ իրավապահ մարմիններ ցուցաբերել են ավելի ակտիվ գործունեություն:
4. Քվեարկության արդյունքների ամփոփման ընթացքում, քվեաթերթիկների հաշվարկման փուլում թվաբանական կեղծիքներ չեն գրանցվել:
5. Քվեարկության մասնակցության և ձայների բաշխման պաշտոնական տվյալներում օրինաչափության վիճակագրական ուսումնասիրությունը ցույց է տալիս, որ ձայների բաշխվածությունը հնարավորինս համաչափ է:
Այս տարի «Անկախ դիտորդ» դաշինքն իրականացրել է նաև նախընտրական քարոզարշավի մեդիամոնիթորինգ, որի արդյունքում պարզվել է, որ հեռուստաալիքները և առցանց լրատվամիջոցներն ակտիվ լուսաբանել են այդ ընթացքը: Երկու հարթակներում էլ քարոզարշավի լուսաբանման ակնհայտ կողմնակալության դեպքեր ընդհանուր առմամբ չեն հայտնաբերվել:
Այնուամենայնիվ չի կարելի ասել, որ այդ հարթակներում հակաքարոզչություն չի իրականացվել, պարզապես դրանք եղել են հիմնականում այնպիսի հայտարարությունների միջոցով, որոնցում անուններ չեն հիշատակվում, բայց ակնհայտորեն սլաքներն ուղղվում են այս կամ այն շրջանակին: Հակաքարոզչության այս մեթոդն առավել կիրառելի է եղել Facebook սոցիալական հարթակում: Դիտարկումների արդյունքում «Անկախ դիտորդ» հասարակական դաշինքը եզրակացրել է, որ 2018թ. սեպտեմբերի 23-ի Երևանի ավագանու ընտրություններն անցել են ժողովրդավարական ընտրությունների կարևորագույն սկզբունքների պահպանմամբ:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը