Մոլդովայի սահմանադրական դատարանը ժամանակավորապես հեռացրել է Իգոր Դոդոնին նախագահի պաշտոնից: Այս մասին գրում է «ՌԻԱ Նովոստի» գործակալությունը:
«Նշվում են հանգամանքներ, որոնք արդարացնում են նախագահի ժամանակավոր հեռացումը պաշտոնից՝ նախարարներ նշանակելուց հրաժարվելու պատճառով, որոնց թեկնածությունները 2 անգամ ներկայացվել են վարչապետի կողմից»,- ասել է դատարանի նախագահը:
Սեպտեմբերին վարչապետ Պավել Ֆիլիպը Դոդոնին էր առաջարկել երկու նախարարի թեկնածություն, սակայն նախագահը դեմ էր արտահայտվել այդ թեկնածություններին:
Մոլդովայի սահմանադրության համաձայն՝ նախագահն իրավունք ունի մեկ անգամ մերժել վարչապետի ներկայացրած թեկնածությունները: Երկրորդ անգամ մերժելու դեպքում նրան կարող են ժամանակավորապես հեռացնել պաշտոնից, որպեսզի նախարարների նշանակման մասին հրամանագիրը կարողանա ստորագրել կամ խորհրդարանի, կամ կառավարության ղեկավարը:
Դոդոնին արդեն երեք անգամ ժամանակավորապես հեռացրել են պարտականությունների կատարումից:
Մոլդովայի նախագահի ու կառավարության միջև դիմակայությունը շարունակվում է մեկ տարուց ավելի, պատճառն արտաքին քաղաքականության հարցում համաձայնության չգալն է՝ Դոդոնը Ռուսաստանի հետ մերձեցման կողմնակից է, իսկ կառավարությունն ու խորհրդարանական մեծամասնությունը՝ Արևմուտքի:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը