«Լույս» դաշինքի քաղաքապետի թեկնածու Արտակ Զեյնալյանը, քվեարկելուց հետո պատասխանելով հարցին, թե «Իմ քայլը» դաշինքի հետ կոալիցիոն գործընկերություն պատկերացնո՞ւմ է, թե՞ ոչ, նշեց՝ քվեարկությունը կավարտվի, կտեսնենք արդյունքները և, ըստ այդմ, կկողմնորոշվենք, և կերևա, թե ինչ է տեղի ունենալու։
Արտակ Զեյնալյանը ընտրակաշառքների մասին հարցին պատասխանեց. «Քվեարկության ավարտին դեռևս ութ ժամ է մնացել, և իմ հնչեցրած տեսակետները կարող են ազդել քվեարկության արդյունքների վրա, ուստի, որևէ հայտարարություն չեմ կատարի»:
Զեյնալյանն ասաց, որ ԲՀԿ-ի ահազանգերի մասին չի լսել,տեղյակ չէ: «Միայն ոստիկանապետ Վալերիյ Օսիպյանի հայտարարության մի հատվածն եմ ընթերցել, վերնագրի մասով, և ըստ այդ հայտարարության՝ որևէ հակաօրինական բան չկա, ամբողջը չեմ հետևել»,- նշեց քաղաքապետի թեկնածուն։
«Եթե այն ամենը, ինչ ներկայացվում է… այս հարաբերությունները ոչ թե զրպարտության, պատվի և արժանապատվության պաշտպանության հարաբերություններ են, այլ հարաբերություններ են, որոնք ՀՀ իրավունքի պաշտպանության օրենսդրության մեջ կան»,-ոստիկանապետի հրաժարականի պահանջի, զրպարտության հնարավոր հայցի մասին ասաց Զեյնալյանը՝ հավելելով, որ այս ընտրությունները նախորդից տարբերվում են նրանով, որ անցնում են առանց ընտրակաշառքի, վարչական լծակների ու վարչական ռեսուրսների կիրառման:
Արտակ Զեյնալյանն ընդգծեց, որ շարունակում է պնդել՝ ինքը կընտրվի Երևանի քաղաքապետ։
Հնարավոր կոալիցիայի մասին հարցին Զեյնալյանը պատասխանեց՝ որևէ մեկին թշնամի չի համարում, քաղաքական տարբերություններ պետք է լինեն, պետք է լինի քննադատական խոսք, բայց դա չպետք է լինի թշնամություն ինչպես առաջ էր. «Մենք փակել ենք այդ էջը»,- եզրափակեց քաղաքապետի «Լույս» դաշինքի թեկնածուն։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը