23 09 2018

Լռության օրը հստակ հակաքարոզչություն է իրականացվել ԲՀԿ-ի հանդեպ. Նաիրա Զոհրաբյան

Լռության օրը հստակ հակաքարոզչություն է իրականացվել ԲՀԿ-ի հանդեպ. Նաիրա Զոհրաբյան

ԲՀԿ քաղաքապետի թեկնածու Նաիրա Զոհրաբյանը սեպտեմբերի 23-ին՝ Երևանի քաղաքապետի իր ընտրությունը կատարելուց առաջ, լրագրողների հետ զրույցում նշեց, որ  նախօրեին տեղի է ունեցել Ընտրական օրենսգրքի կոպտագույն խախտում, լռության օրը հստակ հակաքարոզչություն է իրականացվել ԲՀԿ-ի հանդեպ: 

«Երեկ հրավիրվեց ասուլիս Դանիել Իոաննիսյանի կողմից, ով, ի դեպ, հստակ շահերի բախում ունի, որովհետև կառավարությունում ԸՕ աշխատանքային խմբի քարտուղարն է: Այն, ինչ ասում էր Դանիել Իոաննիսյանը, որ խախտվել է Հարկային օրենսգրքի այսինչ հոդվածը, ֆլեշմոբի համար դուք պետք է տուրք վճարեիք, այսինքն՝ ինչ-որ անհասկանալի ձևակերպումներ: Լռության օրը հստակ հակաքարոզչություն է իրականացվել ԲՀԿ-ի հանդեպ»,- ասաց Զոհրաբյանը՝ հավելելով, որ կուսակցության իրավաբաններն արդեն Դանիել Իոաննիսյանի դեմ վարչական վարույթ են նախապատրաստում և հենց այսօր դիմելու են դատարան՝ Իոաննիսյանի գործողությունները վիճարկելու համար. «Քանի որ մենք ապրում ենք նոր Հայաստանում, հետամուտ ենք լինելու, որ բոլորն օրենքի առջև լինեն պատասխանատու»,- նշեց նա:

Աջափնյակում՝ ԲՀԿ շտաբում, տեղի ունեցած գործողություններին անդրադառնալով՝ ԲՀԿ քաղաքապետի թեկնածուն նշեց. «Ես դիմել եմ մեր հարգարժան ոստիկանապետին՝ ասելով՝ 12 օրերի ընթացքում կազմակերպված ձևով մեր 300-ից ավելի ակտիվիստներ պարբերաբար հրավիրվել են տարբեր ոստիկանական բաժանմունքներ՝ ասելով, որ ահազանգ կա, որ դուք անօրինական գործողություն եք կատարում, կաշառք եք բաժանում: Որևէ ահազանգ չի հաստատվել, որովհետև չկա ընտրակաշառք: ՀՀ հպարտ ոստիկանապետ, չկա և չի լինելու ընտրակաշառք։ Կա՛մ դուք դա անում եք, կա՛մ ստիպված ենք լինելու արձանագրել, որ ձեր գործողություններում կա հստակ ուղղորդվածություն ԲՀԿ-ի հանդեպ, և, բնականաբար, առաջանալու է հարց՝ դուք իրավունք ունե՞ք շարունակելու ձեր գործունեությունը՝ որպես ոստիկանապետ, թե՞ ոչ, որովհետև դուք կեղծ ահազանգողներին պատասխանատվության չեք ենթարկել»։

Նաիրա Զոհրաբյանը նշեց, որ եթե ոստիկանությունը ընտրակաշառքի հստակ փաստեր չներկայացնի, հորդորելու է, որ ահազանգողները քրեական պատասխանատվության ենթարկվեն սուտ մատնության հոդվածով: «Վստահ եմ, որ որևէ ահազանգ չի եղել: Մեզ համար պարզ է արդեն՝ ինչ խնդիր են փորձել լուծել: Ես եղել եմ բազմաթիվ բաժանմունքներում, շարքային ոստիկաններն իրենք էին ասում, որ հասկանում ենք, տիկի՛ն Զոհրաբյան, որ տակը ոչինչ չկա, բայց մեզ ասում են, որ ահազանգ կա, և մենք պարտավոր ենք ահազանգել: Այսկերպ փորձել են կազմալուծել մեր ակտիվի աշխատանքը, ակտիվիստներին ահաբեկել»,- հայտարարեց Ն. Զոհրաբյանը:

Քաղաքապետի ԲՀԿ թեկնածուն հավելեց․ «Ես բացարձակ նպատակահարմար չեմ գտել դիմել մեր ոստիկանությանը, իրենք են ինձ զանգահարել և խնդրել փաստեր տրամադրել, ես տրամադրել եմ բոլոր փաստերը, որոնք վերաբերել են բացառապես պետական կառույցներում աշխատող անձանց կողմից իմ, Արտակ Զեյնալյանի, Արամ Սարգսյանի, Էդմոն Մարուքյանի հասցեին հնչեցված հայհոյանքներին»,-նշեց Զոհրաբյանը։

Հարցին՝ իսկ եթե նորից ցույցեր լինե՞ն, նա պատասխանեց. «Չի կարելի քաղաքական ուժերին սպառնալ ժողովրդով։ Ինչպես ՔՊ-ի հետևում կան կանգնած տասնյակ-հազարավոր մարդիկ, ԲՀԿ-ի, «Լույս»-ի, ՀՅԴ-ի, «Ժառանգության», «Երկիր Ծիրանիի» և մյուս բոլոր քաղաքական ուժերի հետևում այս կամ այն չափով կանգնած են իրենց համակիրները։ Ես ուղղակի անբարո եմ համարում ասել՝ դե որ այդպես է, մենք էլ մեր համակիրներին կհանենք հրապարակ, և տեսեք, թե ում համակիրներն են ավելի շատ։ Չի կարելի, մենք հանրությանը ոչ թե պետք է պառակտենք, այլ պետք է միավորենք»։

 

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ