«Նյու Յորքում լուրջ առաջընթաց 2016 թվականի բարձրաստիճան հանդիպումների օրակարգերի համաձայնեցման հարցում չի լինի»,- այս մասին 168.am-ի հետ զրույցում ասաց ռուս քաղաքական վերլուծաբան Ստանիսլավ Տարասովը՝ անդրադառնալով հայ-ադրբեջանական սահմանում առկա լարվածությանը ՀԱՊԿ արձագանքին և Նյու Յորքում կայանալիք նախարարական հանդիպմանը։
Ստանիսլավ Տարասովը նշեց, որ ՀՀ ԱԳ նախարարն իրավիճակի ճիշտ գնահատական է տալիս՝ ՀԱՊԿ-ը պետք է արձագանքի հայ-ադրբեջանական սահմանին ծավալվող գործողություններին, երբ հայկական կողմի ուժերը ետ մղելու այդ գործողությունները բավարար չլինեն, և հայկական կողմը դիմի ՀԱՊԿ-ին։ Վերջին տարիներին, Տարասովի խոսքով, հայ-ադրբեջանական սահմանին հաճախ են եղել այնպիսի լարվածության ալիքներ, ինչպիսին տեղի ունեցավ օրեր առաջ, սակայն հայկական կողմը երբեք չի դիմել՝ փորձելով բավարարվել իր ուժերով։ Նրա կարծիքով, գուցե հասկանալով, թե ինչպիսին կարող է լինել ՀԱՊԿ դիրքորոշումը՝ հայկական կողմը երբեք չի դիմել ՀԱՊԿ աջակցությունը ստանալու հարցով, և ՀՀ նախկին իշխանությունները սկսեցին այս թեմայով մտահոգություններ հայտնել հանրային ճնշման արդյունքում, միևնույն ժամանակ հասկանալով, որ ադրբեջանական կողմը ՀԱՊԿ-ում աջակիցներ ունի։
«Ներկայիս իշխանության համար ևս հասկանալի է, որ կա խնդիր այս առնչությամբ, և հենց այդ նպատակով է ՀՀ վարչապետ Փաշինյանն առաջարկում քննարկել ՀԱՊԿ պարտավորությունները ՀԱՊԿ անդամ երկրների հետ։ Այս քննարկումը պետք է տեղի ունենա, քանի որ Հայաստանը ևս ունի պարտավորություններ, ՀԱՊԿ-ը պետք է հարգանք վայելի իր բոլոր անդամ երկրների կողմից։ Նման զարգացումներ, ինչ տեղի ունեցավ Յուրի Խաչատուրովի հետ, չպետք է լինի, Հայաստանը ևս պետք է հասկանա, որ սա համագործակցության ձևաչափ է, փոխադարձ բնույթ են կրում պարտավորությունները։ Ներկայումս ՀԱՊԿ-ում տեղի ունեցածից հետո Հայաստանի դիրքերը համապատասխան չեն նման հարցեր բարձրացնելու համար»,- ասաց Ստանիսլավ Տարասովը։
Սակայն նա նաև նշեց, որ Հայաստանի համար ՀԱՊԿ-ի բացերը լրացրել է Ռուսաստանը՝ մատչելի սպառազինություն տրամադրելով Հայաստանին, ՀՕՊ-ով և հայ-ռուսական միացյալ զորախմբով, այն դիվանագիտական ջանքերով, որը Ռուսաստանը ներդնում է՝ ԼՂ հակամարտության գոտում լարվածությունը մեղմելու նպատակով և անհրաժեշտության դեպքում։
Բնականաբար, նրա կարծիքով, սահմանին շարունակվող լարվածության պայմաններում սա ճիշտ որոշում կլինի։ «Սակայն մի շարք անհասկանալի հանգամանքներ ևս կան այն օրակարգի վերաբերյալ, որի մասին Նիկոլ Փաշինյանն էր խոսում՝ Արցախի մասնակցություն բանակցություններին։ Արձանագրենք, որ բանակցային գործընթացը շարունակվում է նախկին կանոններով, և հայկական կողմը չի պնդում, որպեսզի սա իրականություն դառնա։ Կարծում եմ՝ ընթացքում գուցե շատ նախնական գնահատականներ և ծրագրեր փոխվեն։ Ինչ վերաբերում է Նյու Յորքին, ապա որևէ արդյունք չեմ ակնկալում այդ հանդիպումից։ Հայաստանյան օրակարգը դեռ հստակ չէ, ադրբեջանական օրակարգը բոլորովին այլ է, ի՞նչ համաձայնություն կարող է լինել նման պարագայում։ Սա միայն կարող է արդյունավետ լինել սահմանին տիրող իրավիճակը քննարկելու տեսանկյունից, այլապես լուրջ առաջընթաց 2016 թվականի բարձրաստիճան հանդիպումների օրակարգերի համաձայնեցման հարցում չի լինի»,- ասաց Տարասովը։
Նյութն ամբողջությամբ կարդացեք 168․am-ում։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը