21 09 2018

Կան հարցեր, որոնք ՀՀ վարչապետը պետք է ձգտի քննարկել ամերիկյան կողմի հետ. ամերիկացի վերլուծաբան․ 168․am

Կան հարցեր, որոնք ՀՀ վարչապետը պետք է ձգտի քննարկել ամերիկյան կողմի հետ. ամերիկացի վերլուծաբան․ 168․am

«Հայկական կողմն առանց Փաշինյան-Թրամփ հանդիպման ևս կարող է Փաշինյանի այցն ԱՄՆ հնարավորինս կառուցողական դարձնել կուլիսային հանդիպումներով»,- այս մասին 168.am-ի հետ զրույցում ասաց ամերիկացի վերլուծաբան Փոլ Գոբլը՝ անդրադառնալով ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի շրջանակում հայկական մասնակցության առաջնահերթություններին: 

Հայաստանի մասնակցությունը Նյու Յորքում մեկնարկած ՄԱԿ ԳԱ աշխատանքներին հետաքրքրական է այն հանգամանքով, որ դրան մասնակցելու է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, ով, ըստ այս միջոցառմանը հայկական մասնակցության ավանդույթի՝ ելույթ կունենա, կուլիսներում իր օտարերկրյա գործընկերներին հանդիպելու հնարավորություն կունենա:

ՄԱԿ ԳԱ հայկական օրակարգի ամենաքննարկված հարցը Փաշինյան-Թրամփ հանդիպման կազմակերպման հարցն էր: Նման հանդիպում անցկացնելու կոչով դիմել էին մի քանի տասնյակ կոնգրեսականներ և ԱՄՆ-ի հայ համայնքի բազմաթիվ ներկայացուցիչներ, սակայն, ըստ հավաստի տեղեկությունների՝ նման հանդիպում չի կայանա: «Երկու կողմն էլ ուզում են, որ հանդիպումը կայանա։ Սակայն, հասկանալի պատճառներով, նախագահի ու վարչապետի ժամանակացույցերը շատ հագեցած են. մենք փորձում ենք համապատասխան «լուսամուտ» գտնել` հանդիպումը կազմակերպելու համար։ Տվյալ պահին հանդիպման մասին որոշում դեռ կայացված չէ»,- ասել էր ՀՀ-ում ԱՄՆ դեսպան Ռիչարդ Միլսը:

Ըստ որոշ տեղեկությունների, Ասամբելայի շրջանակում կկայանա Մնացականյան-Մամեդյարով հանդիպում ԵԱՀԿ ՄԽ հովանու ներքո:

«Կարծում եմ, նրա ելույթը շատերին կհետաքրքրի, քանի որ Հայաստանի ներքաղաքական կյանքը դեռ չի կայունացել: Ես մշտապես ասում եմ, որ կցանկանայի, որպեսզի ԱՄՆ-ը ավելի մեծ հետաքրքրություն ունենար այս տարածաշրջանի, հետևաբար՝ նաև Հայաստանի նկատմամբ: Դա հստակ օրակարգ կձևավորեր Հայաստանի և Միացյալ Նահանգների միջև, այս պարագայում գուցեև տեղի ունենար Փաշինյան-Թրամփ հանդիպում: Սակայն նոր աշխատակազմը լրջորեն զբաղվում է գլոբալ հարցերով, ռազմավարական գործընկերների հետ շփումներով, ավելի հեռու տարածաշրջաններում ամերիկյան քաղաքականության իրականացումը վստահելով դիվանագետներին և Պետդեպի համապատասխան բաժիններին:

Այս պարագայում ավելի մեծ նախաձեռնողականություն պետք է ցուցաբերի հայկական կողմը, նման այցերի ընթացքում կայանալիք հանդիպումներին նախապես պետք է պատրաստվել` համապատասխան կառույցներն իրենց աշխատանքը պետք է իրականացնեն ամերիկյան կողմի հետ: Չեմ կարծում, թե նման հանդիպում կայանա, քանի որ ԱՄՆ նախագահի օրակարգը հագեցած է ավելի գլոբալ խնդիրներով և դրանց կարգավորմանը նրա ներգրավմամբ:

«Երկկողմ հարաբերություններին առնչվող հարցեր կան, որոնցից Հայաստանը կարող է ազդվել, ուստի պետք է ամերիկյան կողմի հետ ձգտի քննարկել այդ հարցերը, ներկայացնելով և առաջ մղելով Հայաստանի շահերը, բացատրելով դրանք, հայկական կողմի դիրքորոշումը հնարավորինս ընկալելի դարձնելու նպատակով: Այդ հարցերը մասնավորապես վերաբերում են Սիրիային, Իրանին, Ռուսաստանին, կան պատժամիջոցներ, որոնք կարող են անդրադառնալ Հայաստանի վրա, օրերս քննարկեցին Հայաստանի ապագա առաքելությունը Սիրիայում, դա ևս օրակարգային հարց կարող է լինել, ինչո՞ւ ոչ` ԼՂ հակամարտության կարգավորման հարցը: Ի վերջո կարևոր է նաև այն, որ նախարարները կհանդիպեն ՄԱԿ ԳԱ կուլիսներում, որը, հուսանք, կդադարեցնի սահմանին առկա իրավիճակը»,- ասաց Փոլ Գոբլը:

Նյութն ամբողջությամբ կարդացեք 168․am-ում։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ