«ԱրԱր» քաղաքակրթական հետազոտությունների հիմնադրամի խորհրդի նախագահ Ավետիք Չալաբյանն ֆեյսբուքյան իր էջում գրել է.
«Երեք շաբաթ առաջ, երբ Երևանի ընտրարշավը դեռ չէր սկսել, ես գրել էր նրա մասին, որ Նիկոլ Փաշինյանը, որպես երկրի վարչապետ և համար մեկ պաշտոնյա, ցանկալի է, որ ձեռնպահ մնա ընտրապայքարին անմիջական մասնակցությունից, և հանդես գա՝ որպես Երևանի բոլոր քաղաքացիների համար այդ ընտրությունների մաքրության և ժողովրդավարության երաշխավոր։
Նիկոլը, քանի որ բացի վարչապետ լինելը, փորձում է շարունակել հեղափոխության առաջնորդի իր առաքելությունը, գնաց ուղիղ հակառակ ճանապարհով, և ոչ միայն միջամտեց ընտրապայքարին, այլև դարձավ դրա հիմնական գործող անձը, փորձելով վերածել քաղաքապետի ընտրությունները անձամբ իր համար վստահության հանրաքվեի։
Ընտրությունները դեռ տեղի չունեցած, դա բերել է արդեն մի քանի պարադոքսալ արդյունքների՝
ա) Նիկոլի փորձը՝ հանրությունը բաժանել «սևերի» և «սպիտակների», և դրանով զրկել սեփական համակիրներից բացի մնացած բոլորին ընտրության իրավունքից, բերեց մնացած բոլորի բուռն հակազդեցությանը և համախմբմանը հենց Նիկոլի ու «Քաղաքացիական պայմանագրի» (ՔՊ) դեմ, իսկ «ասֆալտին փռելը» ու «պատին ծեփելը» պարզապես դարձավ ծաղրի առարկա, քանի որ ընկալվում է՝ որպես օրենքից դուրս, պարապ ու անտեղի սպառնալիք,
բ) ԲՀԿ-ն, որը մինչև այդ հանդիսանում էր Ազգային ժողովում Նիկոլի հիմնական հենարանը և կառավարությունում գլխավոր գործընկերը, փաստորեն մտավ ընդդիմության դերի մեջ, ընտրությունների արդյունքում այն կարող է ավելի դիստանցավորել նրանից, և դառնալ իրական հակառակորդ,
գ) «Լույս» դաշինքը, որը մինչև այս ընտրապայքարը ընդհանրապես գոյություն չուներ՝ որպես կազմակերպված միավոր, Նիկոլի անիմաստ (ու տվյալ դեպքում՝ նաև անշնորհակալ) ճնշման արդյունքում ստիպված եղավ իրեն դիստանցավորել նրանից, և ընտրությունների արդյունքում կարող է ևս ավելի հեռանալ՝ կախված ստացված ձայների թվից ու ներքին զարգացումներից,
դ) Մնացած բոլոր քաղաքական ուժերը ևս մեկ անգամ համոզվեցին, որ Նիկոլի պատկերացրած «Նոր Հայաստանում» իրենք տեղ չունեն, նրանց միջև այս ընտրություններից հետո տեղի են ունենալու ակտիվ վերախմբավորման պրոցեսներ,
ե) Հայկ Մարությանը, որ ՔՊ-ի ընդհանուր դժգույն ֆոնի վրա կարող էր դառնալ նոր քաղաքական հայտնություն, մնաց Նիկոլի ստվերի տակ, որպես երկրորդ պլանի էպիզոդիկ գործիչ, և այս ընտրապայքարի արդյունքում բացարձակ չավելացրեց իր անձնական վարկանիշը, ավելի շատ՝ նույնիսկ ընդհակառակը,
զ) Նիկոլի հիմնական գաղափարը՝ օգտագործել այս ընտրությունները սեփական ուժի ցուցադրման, և Ազգային ժողովը ինքնալուծարման ճանապարհով տանելու համար, կարելի է ենթադրել, որ արդեն իսկ տապալված է, անկախ ընտրությունների արդյունքից, քանի որ Ազգային ժողովում ներկայացված հիմնական ուժերը կոշտ հակազդելու են դրան, արդեն սեփական ինքնապահպանման բնազդից ելնելով, և այլևս Նիկոլին չվստահելով՝ որպես արդար և կանխատեսելի գործընկեր:
Սեփական և դաշնակից քաղաքական ռեսուրսների այսպիսի մասսայական ոչնչացումից հետո մնաց տեսնել ընտրությունների արդյունքը, այն, ինչպես միշտ, դժվար կանխատեսելի է, քանի որ ընտրությունների օրը գործում են բազմաթիվ թաքնված գործոններ։ Սակայն անկախ այդ արդյունքից, արդեն հիմա կարելի է ասել, որ Նիկոլ Փաշինյանը հաստատ ավելի շատ կշահեր, եթե մնար վարչապետական իր բարձունքի վրա, այցելեր Արցախ առաջնագիծ ու կոնկրետ հարցեր լուծեր այնտեղ, հանդիպեր Մակրոնի հետ ու հետ վերադառնար կոնկրետ արդյունքներով, հեռահար պոլեմիկայի մեջ մտներ ավելի ու ավելի ագրեսիվ դարձող Ալիևի հետ, և բոլոր այդ գործողություններով առաջ տաներ մեր բոլորիս հավաքական շահը։ Այլապես, ինչպես ասել է ժամանակին դասականը (արքա Պյուռոսը), «Եվս մեկ այսպիսի հաղթանակ, և ես կմնամ առանց զորքի»։
Բոլորիդ լավ օր եմ ցանկանում»։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը