20 09 2018

ՀՀ կողմից սահմանային իրավիճակի հարցով դիմում չի ներկայացվել․ ՀԱՊԿ Միացյալ շտաբի պետ

ՀՀ կողմից սահմանային իրավիճակի հարցով դիմում չի ներկայացվել․ ՀԱՊԿ Միացյալ շտաբի պետ

ՀԱՊԿ Միացյալ շտաբի պետ Անատոլի Սիդորովը, պատասխանելով հարցին, թե ինչ վերաբերմունք ունեն ՀԱՊԿ անդամ երկրները գլխավոր քարտուղար Յուրի Խաչատուրովի հետ կապված միջադեպի վերաբերյալ, լրագրողների հետ հանդիպմանը տեսակամուրջի միջոցով ասաց, որ ինքն իրավասու չէ մեկնաբանելու ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի հետ կապված որևէ բան։

«Հարցը լուծվում է այն կանոնակարգով, որը կա կառույցում: Թե ինչպես կլուծվի այն, կորոշեն անդամ երկրները,- նշեց նա՝ հավելելով, որ միջադեպը ոչ մի կերպ չի խոչընդոտել ՀԱՊԿ-ի կազմակերպած զորավարժություններին։ «Յուրի Խաչատուրովն իր աշխատավայրում է: Մենք նրա հետ հաղորդակցվում ենք: Այնպես որ միջադեպը ոչ մի բացասական հետևանք չի ունեցել մեր ծրագրերի վրա»:

Պատասխանելով այն հարցին, թե արդյոք ՀԱՊԿ-ը չի՞ պատրաստվում ինչ-որ կերպ արձագանքել հայ-ադրբեջանական սահմանում առկա լարվածությանը, Անատոլի Սիդորովը նշել է՝ սեպտեմբերի 20-ի դրությամբ կոնֆլիկտի կողմերն իրենք են իրենց հարցերը լուծում և Հայաստանի կողմից իրավիճակի հետ կապված ոչ մի դիմում չի ներկայացվել ՀԱՊԿ-ին։ «Կարծում եմ, որ կողմերը խնդիրը միմյանց միջև կլուծեն և հույս ունեմ, որ դա կանեն խաղաղ ճանապարհով»,- ասաց նա:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ