Ներքաղաքական անցուդարձի մեջ իրավունք չունենք երկրորդ պլան մղելու արտաքին քաղաքական հիմնահարցերը, որտեղ իշխանության բոլոր ճյուղերը համատեղ ջանքեր գործադրելու հնարավորություն ունեն Հայաստանի շահերը առաջ տանելու համար: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ՀՀ ԱԺ «ՀՀԿ» խմբակցության պատգամավոր Արմեն Աշոտյանը։
«Մասնավորապես, խիստ կարևոր եմ համարում ԵՄ-Հայաստան Համապարփակ և ընդլայնված համաձայնագրի վավերացման գործընթացի ինտենսիվացումը ԵՄ անդամ երկրների խորհրդարաններում:
Ամառային արձակուրդներից հետո խորհրդարանական դիվանագիտության խողովակներով այս հարցի առաջխաղացումը կրկին աշխուժացել է: Կարծում եմ՝ գործադիր իշխանությունը նույնպես պետք է ուշադրության կենտրոնում պահի այդ խնդիրը:
Հայաստանի համար շատ կարևոր է, որ ԵՄ-Հայաստան նոր շրջանակային համաձայնագրի վերջնական վավերացումն ավարտվի մինչև Եվրախորհրդարանի նոր ընտրությունները, որոնք տեղի կունենան 2019 թվականի մայիսի 23-ից 26-ը»,- գրառման մեջ հայտնում է Արմեն Աշոտյանը։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը