7or.am-ը գրում է․ «Ապրիլ և մայիս ամիսներին արձանագրվեց համաժողովրդական շարժում և զարթոնք: Մարդիկ դուրս եկան փողոց, քանի որ չէին ուզում ապրել հին ձևով և չէին պատրաստվում հանդուրժել քաղաքական մենաշնորհը: Այդ զարթոնքն ու շարժումն իրենց մասշտաբներով ու մարդկանց ներգրավվածությամբ համադրելի էին 1988-ին սկիզբ առածի հետ:
88-ի հաշվեկշիռը
88-ի շարժման ակտիվում ունենք անկախ պետության ձեռքբերում և Ղարաբաղյան պատերազմի հաղթանակ: Սրա կողքին ունենք նաև լուրջ բացթողումներ: Հենց այդ բացթողումների և տարիների ընթացքում կուտակված խնդիրների հետևանք էր այս տարի տեղի ունեցած հեղափոխությունը: Ու որպեսզի մենք հետագայում չստանանք այնպիսի պատկեր, ինչպիսին որ ստացանք 88-ի շարժման հաղթանակից քիչ անց, անհրաժեշտ է դասեր քաղել մեր իսկ պատմությունից, ինչպես նաև այլ ժողովուրդների անցած ուղուց:
Հիշեցնենք, որ 88-ի շարժման արդյունքում ավելի քան 80 տոկոսով նախագահ ընտրվեց Լևոն Տեր-Պետրոսյանը, ում հրաժարականը պահանջում էին նրա նախագահ դառնալուց ընդամենը մեկ տարի անց:
30 տարի անց. սովորել ուրիշների սխալների վրա
Մայիսին մենք հնարավորություն ենք ստացել ձևավորել ժամանակակից պետություն, որը նշանակում է զսպումների և հակակշիռների մեխանիզմով գործող քաղաքական համակարգ, անկախ դատական իշխանություն ու մրցակցային տնտեսաքաղաքական հարաբերություններ: Հրապարակը լցրած լայն զանգվածները կարող են վերածվել ժողովրդավարական արժեքներով ապրող հասարակության, բայց կարող են նաև վերածվել ամբոխի՝ դառնալով պետության թուլացման ու տոտալիտար՝ ամբողջատիրական քաղաքական համակարգի ձևավորման հումք:
Ամբոխին հեշտ է գայթակղել և օգտագործել: Ամբոխին խոստանում են երկրային դրախտ,սակայն տանում դեպի դժոխք (այդ մասին ամբոխն իմանում է հետագայում, բայց արդեն ուշ է լինում):Ամբոխը նման է չարաճճի երեխայի կամ հեշտ գայթակղվող կնոջ: Երեխան ամբոխի մեջ արթնանում է, երբ պետք է չմտածված ձևով ջարդել ու փշրել, իսկ կինը՝ երբ անհրաժեշտ է ինքնախաբեությամբ զբաղվել:
Ամբոխը միշտ կուռք է պահանջում: Առանց կուռքի այն ընկնում է դեպրեսիայի գիրկը և հայտնվում վախերի մեջ: Ամբոխահաճո իշխանությունների գլխավոր զենքը պոպուլիզմն է ու դեմագոգիան: Ամբոխին հատուկ է ոչ թե մտածելը, այլ գործելը՝ պարզունակ հրահանգների ազդեցության տակ:
Ամբոխին ներշնչվում է, որ ինքն է որոշում կայացնում, սակայն դա ամենալկտի սուտն է: Ամբոխը կառավարման օբյեկտ է և երբեք չի կարող վերածվել սուբյեկտի, այսինքն՝ որոշումներ կայացնողի: Ամբոխին խոստացվում է պայծառ ու երջանիկ ապագա, որին հասնելու համար հորինվում են հեքիաթներ ու միֆեր՝ «Բարի իշխանություն և չար հակառակորդներ» թեմայով: Ամբոխին խաբում են, թե կյանքը շատ արագ կլավանա, եթե ոչնչացվեն ներքին կամ արտաքին թշնամիները: Եթե թշնամիներ չկան, ապա դրանք հորինվում են, դեմոնիզացվում և նետվում ամբոխի «բերանը»:
Ամբոխի շարժիչ ուժը ատելությունն է։ Ամբոխը չի սիրում ճշմարտությունը: Դա է պատճառը, որ ամբոխին կամ խաբում են, կամ էլ ճշմարտությունը մատուցում «ջրով բացված» վիճակում՝ այն ներկայացնելով որպես «բարձր թնդության խմիչք»:
Մեր անելիքը
Մենք պետք է ուրիշների ու սեփական պատմությունից սովորենք ու հետևություններ անենք՝ թույլ չտալով զանգվածների ամբոխացում: Մենք մայիսին մերժել ենք քաղաքական մենաշնորհը և անձնիշխանությունը, այլ ոչ թե խնդիր ենք դրել նոր մենաշնորհ ու նոր անձնիշխանություն ձևավորելու: Սիրո և հանդուրժողականության կարգախոսը որևէ կերպ չպետք է վերածվի ատելության կրոնի: Նորը հնի կատարելագործված ու գռեհիկ տեսքը չպետք է ստանա:
Հայաստանի համար մեծ շռայլություն կլինի սխալվելը, քանզի ունենք անվտանգության խնդիր և չավարտված պատերազմ: ժողովուրդներն ու կառույցները ազգ և պետություն են դառնում հասուն որոշումներ կայացնելով: Կունենանք այդ հասունությունը, կունենանք նաև զարգացած պետություն, աճող տնտեսություն և հզոր քաղաքացիական հասարակություն: Ամեն ինչ մեր ձեռքերում է:
Նյութն ամբողջությամբ կարդացեք 7or.am-ում։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը