17 09 2018

Նաիրա Զոհրաբյանը բաց պատերազմ հայտարարեց Նիկոլ Փաշինյանին․ Zham.am

Նաիրա Զոհրաբյանը բաց պատերազմ հայտարարեց Նիկոլ Փաշինյանին․ Zham.am

Մալաթիա-Սեբաստիա համայնքում ԲՀԿ-ի հանրահավաքին Նաիրա Զոհրաբյանի երեկվա ելույթը այս ընտրարշավի քաղաքական «ռումբն էր», որտեղ տիկին Զոհրաբյանը մի շարք աղմկահարույց բացահայտումներով հանդես եկավ: Բանն այն է, որ ողջ քարոզարշավի ընթացքում Փաշինյանի կողմնակիցները «սև» փիարով էին հանդես գալիս իր մրցակիցների հանդեպ, գրում է Zham.am-ը։

Այդ գործելաոճը սկսեց անձամբ Փաշինյանը՝ բոլորին հռչակելով «սև» ուժերի կողմնակիցներ, դրանով իսկ ստանալով դիրքային առավելություն մյուսների նկատմամբ: Ողջ հասարակության համար պարզ դարձավ, որ Փաշինյանը անձամբ է ուզում տնօրինել հետհեղափոխական իշխանության բոլոր պտուղները: Նա գրեթե բացահայտ հայտարարում է, որ ուզում է ստանալ հանրության աջակցության 80-ից 90 տոկոսը: Նշենք, որ այդպիսի աջակցության ակնկալիք չունեն ոչ Իլհամ Ալիևը Ադրբեջանում, ոչ էլ՝ այլ բռնապետեր: Փաշինյանի այս մոտեցումը թաքնված բացասական տրամադրություններ է առաջացրել գրեթե բոլոր քաղաքական ուժերի մոտ: Բոլորն էլ հասկանում են, որ Փաշինյանը նախկին մենաշնորհի փոխարեն ուզում է կառուցել իր անձնական մենաշնորհը: Բոլորն էլ հասկանում էին, բայց լռում էին, քանզի չէին ուզում հայտնվել հեղափոխական «ալիքի» տակ:

Եվ ահա, Նաիրա Զոհրաբյանը առաջինը կոտրեց այս տաբուն: Ընդ որում նա գնաց այդ քայլին ստիպված: Քանզի հասկանում էր, որ հակառակ դեպքում հայտնվելու էր 11 մերժված «սևերի» շարքում: Իր այս քայլով, նա ձեռնոց նետեց Փաշինյանին, ցույց տալով, որ պակաս հեղափոխական չի դառնա, եթե անհրաժեշտություն լինի:

Զոհրաբյանը, փաստացի, կասկածի տակ դրեց Փաշինյանի քաղաքական «մաքրությունը», ակնարկելով, որ նա ստվերային ձևով կապված է նախկին նախագահ Սերժ Սարգսյանի շրջապատի հետ: Այն, ինչ շշուկով խոսում են շատերը, Զոհրաբյանը հրապարակեց, ընդ որում ոչ թե վերացական, այլ կոնկրետ մեղադրանքներ հնչեցին: Իսկ թե ինչ կպատասխանի այս ամենին Նիկոլ Փաշինյանը պարզ չէ: Պարզ է մեկ բան, որ այս քայլով Նաիրա Զոհրաբյանը քաղաքական պատասխան տվեց Փաշինյանին և իր թիմին, դրանով իսկ դառնալով այս քարոզարշավում Փաշինյանի գլխավոր մրցակիցը:

Նյութն ամբողջությամբ կարդացեք Zham.am-ում։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ