Սեպտեմբերի 23-ին կայանալու է Երևան քաղաքի ավագանու արտահերթ ընտրություններ: Երևանի ավագանու և քաղաքապետի պաշտոնի համար պայքարում են 12 քաղաքական ուժեր: «Հետք»-ը ներկայացնում է կուսակցությունների, կուսակցությունների դաշինքների նախընտրական ցուցակների առաջին համարը զբաղեցնող թեկնածուների գույքի ու եկամուտների հայտարարագրերից տեղեկություններ: Վերջիններս Երևանի քաղաքապետի հավանական թեկնածուներ են:
Ինչպես տեղեկացրին ԿԸՀ-ից, հայտարարագրեր չեն ներկայացրել միայն «Երկիր Ծիրանի» կուսակցության թեկնածուները: Ցուցակը գլխավորում է նախկին պատգամավոր, Երևանի ավագանու անդամ, իրավաբան Զարուհի Փոստանջյանը:
«Իմ քայլը»
Կուսակցությունների դաշինքի նախընտրական ցուցակի առաջին համարը զբաղեցնում է դերասան, պրոդյուսեր Հայկ Մարությանը: Թեկնածուների հայտարարագրերի ուսումնասիրությունից պարզ դարձավ, որ Հայկ Մարությանն առաջին համարի ամենահարուստ թեկնածուն է:
Նա հայտարարագրել է 10 միավոր անշարժ գույք, որից 170 քմ մակերեսով բնակարան և 27 քմ ավտոտնակ Երևանի Հյուսիսային պողոտայում, 5 բնակարան, 1 առանձնատուն և 2 միավոր հողամաս Չեխիայի Հանրապետության մայրաքաղաք Պրահայում: Հյուսիսային պողոտայում գտնվող բնակարանն ու ավտոտնակը Հայկ Մարությանի միանձնյա սեփականությունն է, իսկ Չեխիայի հանրապետությունում գտնվող անշարժ գույքը՝ համատեղ սեփականություն:
Չեխիայում գտնվող բնակելի տարածքները թեկնածուն տրամադրում է վարձակալության, ինչը Մարությանին բերել է 1 մլն 338 հազար չեխական կրոնի չափով եկամուտ: 2017թ. օգոստոսի 1-ից մինչև այս տարվա օգոստոսի 1-ն ընկած ժամանակահատվածը Մարությանը ստացել է նաև հոնորարներ, այլ վարձատրություններ՝ մոտ 17 մլն դրամի չափով:
Դաշինքի առաջին համարի թեկնածուն հայտարարագրել է նաև «Նիսսան Տիդա» և 2017թ. արտադրության «Պեժո Տարտնյոր Թի Փի» մակնիշների ավտոմեքենաներ:
Ինչ վերաբերում է ունեցած դրամական միջոցներին, ապա Մարությանը հայտարարագրել է 4 մլն 700 հազար դրամ, 190 հազար դոլար, 10 հազար եվրո և 500 հազար չեխական կրոն:
«Լույս»
Կուսակցությունների դաշինքի ցուցակը գլխավորում է արդարադատության նախարար Արտակ Զեյնալյանը, ով մինչև իշխանափոխությունը եղել է ԱԺ պատգամավոր:
Զեյնալյանը հայտարարագրել է մոտ 11 մլն դրամ եկամուտ, որը ստացել է Ազգային ժողովից, նախարարությունից, ինչպես նաև մատուցած իրավաբանական ծառայություններից: Ինչ վերաբերում է դրամական միջոցներին, թեկնածուի հաշվին առկա է 4 մլն 720 հազար դրամ, 20 հազար 689 հազար դոլար և 2 հազար 359 եվրո:
Արտակ Զեյնալյանը ընդհանուր համատեղ սեփականության իրավունքով ունի 3 բնակարան Երևան քաղաքում:
Հայ Յեղափոխական Դաշնակցություն
Կուսակցության նախընտրական առաջին համարը զբաղեցնում է Բնապահպանության նախարարության անտառային կոմիտեի նախագահ Միքայել Մանուկյանը, ով նախկինում եղել է նաև ԱԺ պատգամավոր: Վերջինս որպես եկամուտ նշել է միայն իր աշխատավարձը՝ մոտ 8 մլն դրամ, ինչպես նաև դրամական միջոցներ՝ 21 մլն դրամ, 50 հազար դոլար և 25 հազար եվրո:
«Բարգավաճ Հայաստան»
Կուսակցության ցուցակը գլխավորում է ԱԺ պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը: Նա էլ մյուս թեկնածուների նման կենտրոնական ընտրական հանձնաժողով է ներկայացրել գույքի ու եկամուտների հայտրարագիր, ըստ որի, թեկնածուի միակ եկամուտն Ազգային ժողովից ստացած աշխատավարձն է ՝ մոտ 12 մլն 280 հազար դրամ:
Նաիրա Զոհրաբյանը, որպես դրամական միջոց հայտարարագրել է նաև 71,186 դոլար:
Նյութն ամբողջությամբ կարդացեք «Հետք»-ում։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը